ՌԴ Պետդումայում ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստ է կայացել: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ նիստի ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից զենքի վաճառքն այն պետություններին, որոնք խնդիրներ ունեն ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի հետ:

«Տվյալ համատեքստում մենք հատուկ ուշադրություն ենք դարձել Ադրբեջանին զենք վաճառելու հարցին՝ հայտնելով տվյալ փաստի առնչությամբ մեր մտահոգությունը»,- նշեց Մելքումյանը:

Պատգամավորի խոսքով՝ ռուսական կողմը հաշվի է առնում իր հայ գործընկերների մտահոգությունը:

Մելքումյանը նաեւ հայտնեց, որ տվյալ հարցը կքննարկվի ՀԱՊԿ շրջանակում առաջիկա հանդիպումների ընթացքում:

Բացի այդ, նրա խոսքով, պատգամավորները քննարկում են նաեւ ՌԴ տարածքում բիզնես վարելու հարցում խոչընդոտները ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք միայն ազգային վարորդական վկայական ունեն, ինչպես նաեւ ՀՀ տարածք երրորդ երկրներից ներկրված ավտոմեքենաներ վարելու համար արտոնյալ ժամկետի ավարտի հարցը, Մեծամորի ԱԷԿ-ի ռեսուրսների ընդլայնման համար հավելյալ վարկ տրամադրելու հարցը, Վերին Լարսի խնդիրն ու շատ այլ հարցեր:

Մելքումյանը հայտնեց, որ հանդիպման ավարտին երկու կոմիտեները համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: