«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարությունից պահանջում է հրապարակել տնտեսվարող սուբյեկտների անունները, որոնց պետք է վերադարձվեն տվյալ օրինագծով նախատեսված ֆինանսական միջոցները: Այս մասին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: 

«Ի հեճուկս այն հանգամանքի, որ անցած նիստին պարբերաբար իմ գործընկերները պնդում էին, որ հանրայնացվի այն տնտեսվարողների անունները, որոնց պետք է վերադարձվեն այս գումարները, դա տեղի չունեցավ ու դա քողարկվում է գաղտնիության տակ: Նման բան մենք անել չենք կարող, որովհետեւ մենք պետք է իմանանք, թե բյուջեից գումարներն ում ենք վերադարձնում:

Ես ունեմ տվյալներ, որ այդ գումարներից զգալի գումար՝ մոտ 1,5 մլրդ դրամ վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, որն այս պահին սնանկության, լուծարման մեջ չէ: Ըստ էության մենք ունենք հետախուզման մեջ գտնվող մի ընտանիքի անդամներ, ում վերադարձնելու ենք այս գումարները: Ես ունեմ տվյալ, որ սա միակը չէ»,-հայտարարեց Թանդիլյանը:

Նա ընդգծեց. «Ես պնդում եմ, որ մենք ձեզ հետ միասին պետք է կայացնենք որոշում դադարեցնելու այս քվեարկությունը եւ առնվազն փակ ռեժիմով այստեղ հրապարակելու, թե ովքեր են այն տնտեսվարողները, որոնք նախկինում գործունեություն ծավալելով, այսօր գումարներ պետք է վերադարձվեն»:

Սակայն ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարվեց տվյալներ հայտնել՝ հղում անելով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին:

Իր հերթին, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ խորհրդարանը չի կարող չիմանալ՝ ում են վերադարձնում այդ միջոցները:  

«Մենք հետեւողականություն կցուցաբերենք, որպեսզի ստանանք այդ տնտեսվարող սուբյեկտների ցուցակը։ Մենք հետո կհրավիրենք ՊԵԿ պետին, որպեսզի ստանանք այդ ցուցակը։ Այն ընկերությունները, որոնք ժամանակին արտոնյալ եւ մոնոպոլ դիրք են զբաղեցրել, չպետք է ստանան դրանք։ Խոսքը նաեւ այն մարդկանց մասին է, որոնց հանդեպ հենց հիմա իրականացվում է քրեական հետապնդում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ համաձայն օրենսդրական փոփոխությունների, կառավարությունը պատրաստվում է մոտ 2835 տնտեսվարող սուբյեկտների վերադարձնել 56 մլրդ 443 մլն դրամ ավելացված արժեքի հարկի գծով ժամկետանց պարտքեր։ Նրանցից 183-ը խոշոր ընկերություններ են։ Համաձայն կառավարության հիմնավորման՝ այդկերպ հարկատուներին կվերադարձվի մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը գոյացած պարտքը, որպեսզի այդ միջոցները ներդրվեն տնտեսությունում եւ նպաստեն դրա զարգացմանը։

Նշենք, որ խորհրդարանականները միաձայն (93 ձայնով) «կողմ» են քվեարկել։