«Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանը այսօր` սեպտեմբերի 23-ին, Կառավարության մոտ, ի պաշտպանություն ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ  սա արդեն երկրորդ դեպքն է` մարզպետի կամ նրանց հարազատների  մասնակցությամբ ծեծկռտուքը փորձում են կոծկել:

«Էդ սպան ինչ էր արել, որ իր նկատմամբ նման վերաբերմունք է եղել, ու հիմա կոմայի մեջ է հայտնվե, ինչի չեք լուսաբանում հարգելի լրագրողներ: 29 տարեկանը 40 եւ ավելի տարիք ունեցողների նկատմամբ ձեռք է բարձրացնում, հեղափոխությունը արժեհամակարգի փոփոխություն է ենթադրում, բայց այս դեղնակտուցների օրոք որեւէ բան չփոխվեց, սա էլ երկրորդ դեպքն է: Նախորդն էլ կապված է Կոտայքի մարզպետի եղբոր հետ, որի  առնչությամբ իրականացվող քրեական գործով տասնյակ միջնորդագրեր, դիմումներ  պատասխան չճեն ստանում, կոծկվում են` էլի ծեծ, էլի բռնություն` Կոտայքի մարզպետի եղբոր կողմից սպայի նկատմամբ»,- ասաց նա:

Գեւորգ Հովհաննիսյանը իր խոսքում  դիմեց նաեւ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին` ասելով, որ իրեն հրավիրեն եւ ինքը տասնյակ փաստեր կներկայացնի. «Ես համոզված եմ, որ կոծկվելու է, դեռ ավելին, կհայտնվեն փաստեր, որ իբր էդ սպան  սադրել է, չար ուժեր կան նրա մեջքի ետեւում կանգնած: Դե բերեք, հիմնավորեք»:

Նա նշեց, որ Կոտայքի մարզպետի եղբոր հետ միջադեպը եղել է այս տարվա մայիսի 16-ին եւ իրեղեն ապացույց հանդիսացող մեքենան մարզպետի եղբայրը վերանորոգում է:

Նա Վայոց Ձորի մարզպետին հիշեցրեց, որ 2004 թվականին նրա հայրը նման իրավիճակի մեջ ընկել է էլի ծեծկռտուքի գործով եւ մարզպետը լավ կհասկանա, թե ինչ է դա նշանակում:

Նշենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին  ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի 28-ամյա օգնականին մեղադրանք է առաջադրվել եւ  նա կալանավորվել է:

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջեւ սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի եւս երկու սպա:

Կան տեղեկություններ, որ միջադեպին մասնակցել է նաեւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Միջադեպին մարզպետի հնարավոր մասնակցությունը ստուգվում է:

Փոխնդապետը տեղափոխվել է հիվանդանոց՝ «Փակ ծանր ԳՈՒՎ. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նա կոմայի մեջ է: