Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) պատվիրակությունները բարձր են գնահատում համագործակցության տարածաշրջանային հարթակ ստեղծելու Հայաստանի ձգտումները: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ տարբեր պատվիրակությունների ներկայացուցիչների հետ առանձին զրույցների ժամանակ այլ երկրներից գործընկերները նշել են ոչ միայն իրենց, այլ նաեւ տարածաշրջանային շահերն առաջ տանելու համար պայմաններ ստեղծելու ձգտումների կարեւորությունը:

«Այդ առումով հարց է ծագում՝ ինչո՞ւ, օրինակ, մենք ՍԾՏՀ ԽՎ-ի շրջանակում համաձայնագիր չունենք Ալբանիայի հետ: Բացի այդ, կարեւոր է տարածաշրջանում տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, որպեսզի ներկայիս քաղաքական կոնյուկտուրան չխոչընդոտի այդ ձգտումներին: Օրինակ, եթե հոլանդացի զբոսաշրջիկը ցանկանում է տարածաշրջան այցելել, Հայաստան գալ, ապա Թուրքիա մեկնել, ներկայիս իրավիճակը թույլ չի տալիս դա անել: Տվյալ պարագայում «գնդակը Թուրքիայի կողմում է»»,- նշեց նա՝ նկատի ունենալով այն, որ Թուրքիան խոչընդոտում է դիվանագիտական հարաբերությունների հարթմանը:

Պատգամավորը հավելեց, որ տվյալ դեպքում բիզնեսի համար անհասկանալի է՝ ինչու է խոսվում առեւտրատնտեսական հարաբերությունների լիբերալացման մասին, սակայն այդ ուղղությամբ իրական քայլեր չեն արվում:

«Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն, իմ ելույթից հետո ռուսական պատվիրակության ներկայացուցիչները եւս կարծիք հայտնեցին, որ տվյալ ծրագրում էական տեղ է զբաղեցնում քաղաքական բաղադրիչը»,- եզրափակեց Մանուկյանը:    

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում կայացել է տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ էկոլոգիական հարցերով ՍԾՏՀ ԽՎ կոմիտեի 53-րդ նիստը: