Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար կարեւորագույն գործընկերներից մեկն է, ինչը պայմանավորված է ոչ միայն համագործակցության ֆինանսական բաղադրիչով, այլեւ այն փիլիսոփայությամբ, որ կազմակերպությունը բերում է Հայաստան՝ դրանով իսկ նպաստելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի զարգացմանը:

Ըստ փոխվարչապետի՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության մակարդակը բավականին բարձր է, եւ առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ առաջ մղելու եւ արդյունավետ իրականացնելու բոլոր համատեղ ծրագրերն ու գաղափարները: Փոխվարչապետը կարեւորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը եւ առանձնակի շեշտադրել Հայաստանում կապիտալ շուկայի զարգացմանը նպաստող քայլերի կարեւորությունը:

ՎԶԵԲ փոխնախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ջերմ խոսքերի համար, շնորհավորել է Կառավարությանը վերջին տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումների առիթով՝ մասնավորապես շեշտելով ժողովրդի կողմից շոշափելի հաջողությունների կարեւորությունը: Յուրգեն Ռիգտերինկը հայտնել է ՎԶԵԲ պատրաստակամությունը մաս կազմելու այս բոլոր հաջողությունների եւ նպաստելու Հայաստանի հետագա զարգացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության առանցքային ուղղությունների, մասնավորապես՝ ենթակառուցվածքային ծրագրերի եւ դրանց հեռանկարի շուրջ: Երկուստեք կարեւորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից: