Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ մինչեւ տարեվերջ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի անցողիկության հարցը լուծելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով հանձնաժողովի աշխատանքային այցի եւ ՌԴ Պետդումայում հանդիպումների արդյունքները:

Նա նշեց, որ հարցը ներկայացվել է ռուս գործընկերներին եւ ըմբռնումով ընդունվել: Կողմերը համաձայնել են շարունակել քննարկումը:

«Մենք նշեցինք, որ ԵԱՏՄ-ում աշխատուժի համար միասնական տարածք է գործում: Իսկ դա նշանակում է, որ ԵԱՏՄ երկրներից որեւէ մեկի քաղաքացիների համար չպետք է հավելյալ խոչընդոտներ ստեղծվեն մյուս անդամ երկրներում աշխատանքի տեղավորման հարցում: Մեր ռուս գործընկերները խոստացան քննարկել ռուսական օրենսդրությունում համապատասխան փոփոխություններ կատարելու հնարավորությունը»,- հայտարարեց Մելքումյանը:

Հիշեցնենք, որ ըստ ՌԴ օրենսդրության՝ աշխատանքի ընդունվելիս վավերական են ճանաչվում միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի, այդ պատճառով Ռուսաստանում վճարովի աշխատանքի համար ճանաչվում են ԵԱՏՄ անդամ մյուս բոլոր երկրների վարորդական իրավունքները, բացի Հայաստանից:

Արդյունքում, սեպտեմբերի սկզբին Հայաստանի խորհրդարանը պատասխան միջոց կիրառեց: Այժմ հանրապետությունում վճարովի աշխատանքի համար օտարերկրյա պետությունների վարորդական իրավունքները չեն ճանաչվում: Բացառություն են կազմում ԵԱՏՄ այն երկրները, որոնք պատրաստ են պահպանել փոխադարձության սկզբունքը: Որոշման նրբությունն այն է, որ որպես կանոն Հայաստան աշխատանքի նպատակով գալիս են այլ երկրներից հայրենակիցները: