Ռուսաստանում ապրող հայկական ընտանիքների երեխաները պետք է դպրոցներում մայրենին սովորելու հնարավորություն ունենան։ Այս մասին ՀՀ խորհրդարանում, սեպտեմբերի 23-ի մամոլւի համատեղ ասուլիսում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը՝ ներկայացնելով հայ պատգամավորների աշխատանքային գործուղման եւ ՌԴ Պետդումայում հանդիպումների արդյունքները։

Նշենք, որ մի քանի տարի Հայաստանի կրթության նախարարությունը ռուսական կողմի հետ քննարկում էր հայերենի ուսուցման հնարավորությունը ՌԴ-ում հայերի հոծ բնակության վայրերում, ներառյալ ավանդական վայրերը, ինչպիսին են Ռոստովի մարզը եւ Կրասնոդարի երկրամասը։

«Այդ հարցը Ռուսաստանի հայերի համար կարեւորագույններից է։ Մենք այն քննարկել ենք եւ կշարունակենք քննարկել շատ շուտով, երբ Ռոստովի մարզում կնշվի Ղրիմից Դոնում հայերի վերաբնակման 240-ամյակը։ Մենք, բնականաբար, կմասնակցենք այդ միջոցառումներին, ինչպես նաեւ մի շարք հանդիպումներ կունենանք Ռոստովի մարզի ղեկավարության հետ, որտեղ էլ կքննարկենք այդ հարցը»,- ասել է Սանդիկովը։

Այս հարցում աջակցություն, մեկ այլ պատգամավորի՝ հայկական պատվիրակության ղեկավար Միքայել Մելքումյանի խոսքով՝  ցուցաբերում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին, որն ընտրվել է Ռոստովի մարզից։ Ավելին, Վոդոլացկին, ինչպես նշեց Մելքումյանը, Դոնի կազակական շարժման ղեկավարներից է, ինչն էլ ավելի է ամրապնդում բարեկամական կապը հայ համայնքի հետ։