ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, պրոֆեսոր տիկին Կարին Մարկիդեսին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը, համառոտ ներկայացնելով հանդիպման օրակարգում ներառված հիմնական հարցերը, նախ, առանձնացրել է  Հայկական տեխնոլոգիական ուսումնասիրությունը եւ դրանից բխող 5 կետից բաղկացած գործողությունների ծրագիրը:

Նախարար Արայիկ Հարությունյանը, կարեւորելով համագործակցությունը ՀԱՀ-ի հետ ու Հայկական տեխնոլոգիական ուսումնասիրությունը, նշել է, որ արհեստական բանականության հետ կապված նորարարություններին չափազանց մեծ նշանակություն է տրվում: Այդ թեման պարբերաբար քննարկման առարկա է դառնում նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ իր հանդիպումներում:

ՀԱՀ նախագահ Կ.Մարկիդեսն ասել է, որ արդեն այցելել է Հայաստանի 6 մարզեր եւ իր գրեթե բոլոր շփումներից այն տպավորությունն է ստացել, որ տեղերում պատրաստակամ են ընդլայնել համագործակցությունը հատկապես ունեցած կարողությունների զարգացման համար:

Նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ի թիվս մյուս բուհերի, ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքի նախագիծն ուղարկվել է Հայաստանի ամերիկյան համալսարան, եւ նախարարությունն ակնկալում է արդյունավետ համատեղ աշխատանք:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ համալսարանի տարածքային զարգացման թեմային. տիկին Մարկիդեսը հույս է հայտնել, որ առաջիկայում նույնպես հնարավորություն կունենան ընդլայնվել եւ ավելացնել ծրագրերը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքապետարանի հետ բանակցում են համալսարանի հարակից տարածքում այգի ունենալու եւ ավտոկայանման հարցը պատշաճ կարգավորելու շուրջ:

Եզրափակելով հանդիպումը՝ նախարար Ա.Հարությունյանն արձանագրել է, որ պաշտոնավարման շրջանում արդեն մի քանի անգամ այցելել է ՀԱՀ, ինչը նույնպես վկայում է համալսարանի հետ համագործակցությանը տրվող մեծ կարեւորության մասին: