Աշխարհի ամենահին Thomas Cook տուրիստական ընկերությունը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին: Այժմ ամբողջ աշխարհում հանգստի է մեկնել ընկերության 600 հազար հաճախորդ, հաղորդում է BBC-ը:

Ընկերությունը վաղուց ֆինանսական դժվարություններ ուներ եւ այժմ բանակցություններ է վարում հիմնական բաժնետերի՝ չինական Fosun Tourism Group-ի եւ վարկատուների հետ:

«Չնայած զգալի ջանքերին՝ այդ քննարկումների արդյունքում համաձայնության չենք հասել: Այդպիսով ընկերությունը որոշել է անհապաղ դադարեցնել գործունեությունը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Thomas Cook-ի ղեկավար Փիթեր Ֆանկհաուզերը հայտարարել է, որ խորապես ցավում է, որ ինքն ու տնօրենների խորհրդի մյուս անդամները չեն կարողացել հաջողությունների հասնել բանակցություններում, եւ հայցել է ընկերության միլիոնավոր հաճախորդների, գործընկերների, մատակարարների, աշխատակիցների ներողամտությունը:

Ինչպես հայտարարել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շեփսը, դա կլինի երկրի պատմության մեջ խաղաղ ժամանակ քաղաքացիներին վերադարձնելու ամենախոշոր գործողությունը։ Իշխանությունների պլանի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի հաճախորդները երկիր կվերադարձվեն սեպտեմբերի 23-ից մինչեւ հոկտեմբերի 6-ը։

Thomas Cook տուրօպերատորը, որն աշխարհում զբոսաշրջային ամենահայտնի բրենդներից է, հիմնադրվել է 1841 թվականին Լեսթերշիրում, Թոմաս Քուկի կողմից։ Ընկերությունը համարվում է հնագույնն աշխարհում զբոսաշրջային ծառայությունների ոլորտում։

Համաձայն ընկերության կայքում տեղադրված տեղեկության՝ այն տարեկան սպասարկել է 22 մլն զբոսաշրջիկի, ունի 200 հյուրանոց եւ 105 օդանավ։

Thomas Cook-ի սնանկացման պատճառով աշխատանքը կկորցնի մոտ 20 հազար մարդ աշխարհի 16 երկրներում։