ՌԵՈւ ԲԲԸ-ն կարող է ժամկետից շուտ խզել Հայաստանի երկաթուղու կառավարման մասին պայմանագիրը, որն իրականացնում է նրա «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵՈւ) դուստր ձեռնարկությունը։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարեւը։ «Հայաստանը ստեղծել է մի իրավիճակ, որի դեպքում ՀԿԵՈւ-ն չի կարող նորմալ աշխատել. վերցվել են տասը տարվա բոլոր փաստաթղթերը, ներկայացվել են չապացուցված մեղադրանքներ եւ ոչ մի երաշխիք չի տրվել,- տեղեկացրել է նա RTVI հեռուստաալիքին։- Մեր փաստարկներն այն մասին, թե ավելի վաղ  ստուգումները խախտումներ չեն հայտնաբերել, եւ փաստարկները կոնցեսիայի պայմանների կատարման մասին անտեսվում են»։

Տրանսպորտի նախարարությունում «КомменрсатЪ»-ին պարզաբանել են, որ քննվում են բոլոր տարբերակները, այդ թվում եւ այն, որի մասին ասել է փոխնախարարը։ ՌԵՈւ ԲԲԸ-ում մեկնաբանություններից հրաժարվել են՝ առաջարկելով հենվել տրանսպորտի նախարարության դիրքորոշման վրա։

2018 թվականի օգոստոսին Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ՀԿԵՈւ գրասենյակում իրականացրեց խուզարկություն՝ հատուկ ջոկատի ներգրավմամբ, 19 հազար դոլարի հարկերի չվճարման կասկածանքով։ Այդ նույն օրը տեղի է ունեցել ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ հաջորդ օրը տեղի ունեցավ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվեցին «երկկողմ օրակարգի որոշ հրատապ թեմաներ»։ «Ъ»-ի զրուցակիցները դա կապեցին ՀԿԵՈւ խուզարկությունների հետ։ Միեւնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինի հետ իր սեպտեմբերյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ «Ъ»-ի հարցազրույցում Փաշինյանն ասում էր, որ քննարկել է այդ թվում նաեւ ՀԿԵՈւ հարցը, եւ որ, նախնական տեղեկություններով, չարաշահումներն ընկերությունում կազմել են ոչ թե 19 հազար, այլ 60 մլն դոլար։

Հայաստանի Քննչական կոմիտեն 2018 թվականի դեկտեմբերի 25-ին տեղեկացրել էր, որ «հետաքննության առարկան ՀԿԵՈւ տասնամյա գործունեությունն է, ստուգվում են մոտ 110 մլրդ դրամ (230 մլն դոլար) ներդրումների արդյունավետությունն ու իրավաչափությունը»։

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին ասել է, որ ՀԿԵՈւ ստուգումներն իրականացվում են Հայաստանի շահերը պաշտպանելու նպատակով, եւ այս հարցով ակտիվ բանակցություններ են վարվում Ռուսաստանի իշխանությունների հետ։

ՀԿԵՈւ-ում չեն մեկնաբանում կոնցեսիոն պայմանագրի հնարավոր վաղաժամկետ դադարեցման մասին տեղեկությունը եւ «շարունակում են զբաղվել տնտեսվարական գործունեությամբ»՝ պարբերականին հայտնել է ընկերությունը: Իր հերթին, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պարբերականին հայտնել է, որ «կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պարտավորությունների իրականացման մասին բանակցությունները դեռեւս ընթացքի մեջ են»:

«Եթե ինչ-որ գործ է հարուցվել, ապա այն պետք է ինչ-որ պահի ավարտին հասցվի: Իսկ երբ պամտությունը ձգձգվում է տարուց ավելի եւ ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում, ապա դա միայն խոչընդոտում է ձեռնարկության աշխատանքին, եւ այդ դեպքում ի՞նչ ելք ունի ընկերությունը: Այդ պատճառով նրանք, հնարավոր է, դա որպես գործիք են օգտագործում՝ ասելով. «Եթե դուք գործն ավարտին չհասցնեք, մենք կհեռանանք»,- ասել է Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

Առեւտրային ներկայացուցչի խոսքով՝ ինքը չի կարծում, թե ՀԿԵՈւ-ի նկատմամբ հայկական իշխանությունների գործողություններն ուղղված են հենց Ռուսաստանի դեմ: Նա հավելել է, որ ներդրողներին պետք է առավել ուշադիր վերաբերվել: «Կներեք, եթե այդպես շարունակեք, ներդրողները կհեռանան»,- զգուշացրել է Անդրեյ Բաբկոն:

«INFOLine-վերլուծաբաններ» ընկերության տնօրեն Միխայիլ Բուրմիստրովի խոսքով՝ «իսկապես կուտակված խնդիրներ կան, եւ առաջին հերթին ակնառու են ՌԴ տրանսպորտի եւ ԱԳՆ թերությունները, քանի որ այն աջակցությունը, որն այդ հարցում ստանում է ՌԵՈւ ԲԲԸ-ն, համարժեք չէ ո՛չ առկա խնդիրներին, ո՛չ Հայաստանի կողմից Ռուսաստանից հայցվող քաղաքական աջակցությանը»:

Բուրմիստրովի կարծիքով՝ հարցը ծայրահեղ փուլ է մտել, եւ այն, որ ՌԵՈւ ԲԲԸ-ն ստիպված է բարձրացնել երկրից հեռանալու հարցը, օգնության վերջին կոչն է: Փորձագետի խոսքով՝ խնդրի լուծումն ընկած է այն ավելի բարձր մակարդակի հասցնելու հարթությունում: