Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի ծնկի կբերվեն այն եկեղեցականները, որոնք կփորձեն քանդել կառավարության ոտքի տակը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ինչո՞ւ է նա այդքան ատում ամեն ինչ ու բոլորին: Ատում է ու քանդում: Ատում է նրանց, ում սիրում, մեծարում ու հարգում են, ատում է հաջողակներին ու իրենից անկախներին: Ատում է անցյալի հերոսներին եւ նույնիսկ նրանց, ում հերոսացրել է հենց ինքը: Ատում է իր անցյալն ու մեր ապագան: Եվ ակնհայտ է, որ այդ ատելության կենտրոնում հենց ինքն է:

Նա ատում է ինքն իրեն:

Ի՞նչ է պատահել նրա հետ իր հեռավոր մանկության տարիներին, որ խոստումնալից երիտասարդը դարձավ «Ատելության առաքյալ»:

Երեկ ԱՄՆ-ում իր հնչեցրած խոսքում նա սպառնաց, որ «ծնկի է բերելու» Հայ առաքելական եկեղեցին: «Ատելության առաքյալը» խոստովանեց այն, ինչի մասին գրում էր միշտ, խոսում էր միշտ անուղղակի եւ ինչը հստակ անում է արդեն երկու տարի:

Հայ առաքելական եկեղեցին ամեն գնով ցանկացել են «ծնկի բերել» պարսիկ, բյուզանդացի ու արաբ նվաճողները ու չեն կարողացել։ Չի հաջողվել նաեւ սելջուկներին ու մոնղոլներին: Չի հաջողվել թյուրք-օղուզներին եւ մնացած արնախում թշնամիներին։ Մեր հայրենիքի բոլոր զավթողներն են փորձել, բայց չի հաջողվել ու չի հաջողվելու: Թույլ չենք տա: Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» փորձողների ծնկներն են ջարդվելու:

Նա չար է եւ լի ատելությամբ. դա է նրա էությունը: Աղմկոտ խոսքի եւ «վեհ գաղափարների» տակ, պարզվեց, թանքված է ամենապարզունակ նախանձն ու չկայացած անձը: Նա միշտ է եղել այդպիսին: Ու մարդիկ զգում էին, թե ում հետեւից են գնում, որովհետեւ տարիներ ի վեր մեր մեջ սերմանած մաղձն ու ատելությունը նա կարողացավ լավագույնս արտահայտել` հստակ սահմանելով ատելության ու վրեժի թիրախներն ու տանելով այդ ուղով:

Նա մեր վախերի ու ատելության ծնունդն է եւ այդ ամենը սնուցողը: Նա հայտնվեց հանընդհանուր մաղձի ու զզվանքի գագաթնակետին ու դարձավ «Ատելության առաքյալ»:

Նա հիվանդ է, առողջ չենք նաեւ մենք. նա «քաղցկեղի» այն օջախն է, որը երկար տարիներ ներսից խժռում էր մեր առողջ բջիջները, իսկ հիմա արդեն հասունացել ու մեծացել է այնքան, որ պիտի վերջապես կա´մ հեռացնենք, որ բուժվենք, կա´մ քայքայվենք ու վերջնական կործանվենք: «Ատելության առաքյալը» քաղցկեղածին ուռուցքի պես տարածում է իր մետաստազներն ու այդ ամենի մեջ բոլորս ենք:

Պացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի»:

Հավելենք, որ գրառմանը կից Միքայել Մինասյանը հրապարակել է Ռաֆայելի «Միքայել հրեշտակապետը հաղթում է դևին/St. Michael Vanquishing Satan» կտավը որը ցուցադրված է Լուվրում:

Ծնկի կբերվեն այն եկեղեցականները, ովքեր կփորձեն քանդել մեր ոտքի տակ. Փաշինյան