Մեծ Բրիտանիան եկել է եզրակացության, որ Իրանն է կրում պատասխանատվություն Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակումների համար, ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, տեղեկացնում է AP-ը։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան դիտարկում է ռազմական ջանքերին մասնակցության հնարավորությունը ԱՄՆ գլխավորությամբ՝ Պարսից ծոցի ամրապնդման նպատակով։ Ջոնսոնը նաեւ ասել է, որ կաշխատի դաշնակիցների հետ, որպեսզի «նվազեցնի լարվածության թեժացումը» Մերձավոր Արեւելքում։

Մինչ այդ Լոնդոնը ձեռնպահ էր մնում Իրանին հարձակումների համար մեղադրելուց։ Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Նահանգները դրանցում մեղադրում են Իրանին, իսկ Թեհրանը հերքում է դրանք։

Ջոնսոնն ասել է, որ «Մեծ Բրիտանիան հավանականության շատ բարձր աստիճանով Իրանի վրա է դնում սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման պատասխանատվությունը»։

 «Մենք կաշխատենք մեր ամերիկացի եւ եվրոպացի ընկերների հետ, որպեսզի պատասխան մշակենք, որը կնվազեցնի լարվածությունը Պարսից ծոցի տարածաշրջանում»,- ասել է Ջոնսոնը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ մտադիր է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ՄԱԿ ԳՎ շրջանակում։ Ջոնսոնը նաեւ պետք է բանակցություններ վարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նա ասել է, որ ցանկանում է, որպեսզի Բրիտանիան դառնա «կամուրջ մեր եվրոպացի ընկերների եւ ամերիկացիների միջեւ, երբ բանը հասնում է ճգնաժամի Պարսից ծոցում»։

Ջոնսոնն ընդգծել է դիվանագիտական պատասխանի անհրաժեշտությունը Պարսից ծոցի լարվածությանը, բայց ասել է, որ Մեծ Բրիտանիան կդիտարկի ռազմական օգնության մասին ցանկացած խնդրանք։

Անցած ուրբաթ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ լրացուցիչ զորքեր եւ ՀՕՊ կուղարկի Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ՝ «պաշտպանական» նպատակով։

«Մենք շատ ուշադիր կհետեւենք դրան,- ասել է Ջոնսոնը։  Եվ հասկանալի է, եթե մեզ խնդրեն, սաուդցիները կամ ամերիկացիները, որեւէ դեր կատարել, այդ ժամանակ մենք կդիտարկենք, թե ինչով կարող ենք օգտակար լինել»։