Պակիստանը վերսկսել է Քաշմիրի՝ պակիստանցիների կողմից վերահսկվող հատվածում զինյալների ճամբարի գործունեությունը, մոտ 500 զինյալ սպասում է Հնդկաստան ներխուժելու հրամանին: Այս մասին հայտարարել է հնդկական բանակի հրամանատար, գեներալ Բիպին Ռավատը՝ իր պնդումներին որեւէ ապացույց չներկայացնելով:

Պակիստանի ԱԳՆ-ը հերքել է մեղադրանքը, հաղորդում է AP-ը:

Հնդկացի գեներալը նշել, է, որ «հնդկական ռազմաօդային ուժերը որոշակի գործողություններ են ձեռնարկել, եւ այժմ Պակիստանը հետ է կանչել իր մարդկանց»:

Ռավատը նկատի է ունեցել փետրվարի 26-ին զինյալների ճամբարի ուղղությամբ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածը: Հնդկաստանը պնդում է, որ ճամբարում այժմ զինյալների խմբի անդամներ կան, որոնք պատասխանատու են Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունների համար, որոնց արդյունքում 40 հնդկացի զինվոր զոհվեց:

Միեւնույն ժամանակ, Պակիստանի վարչապետ Իմրան Հանը կոչ է արել չեղարկել Քաշմիրի պարետային ժամը՝ հայտարարելով, որ ինքը կշարունակի ֆորումների ժամանակ լուսաբանել Քաշմիրի խնդիրն ու կկատարի իր խոստումը, այն է՝ դառնալ «Քաշմիրի դեսպանը»:

Քաշմիրի շուրջ կոնֆլիկտը շարունակվում է 1940-ականներից, երբ Հնդկաստանն ու Պակիստանն անկախացան Մեծ Բրիտանիայից: Քաշմիրի համար Հնդկաստանն ու Պակիստանը երկու անգամ պատերազմել են, եւ յուրաքանչյուրը ղեկավարում է շրջանի իր հատվածը: