Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.03-ին, «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղից շտապօգնության բրիգադը դանակահարված մարդ է տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տուժածին սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառել են ժամը 19.30-ի սահմաններում՝ Այնթապ-Նուբարաշեն ճանապարհին:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդը ի վիճակի չի եղել բացատրություն տալու։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված վայրում տուժողն ու նրան ուղեկցող անձը վիճել են չարենցավանցի 23-ամյա մի երիտասարդի հետ, որն էլ սուր կտրող-ծակող գործիքով երկուսին էլ հարվածել է։ Տուժած մյուս անձը հիվանդանոց է դիմել սեպտեմբերի 22-ին, ժամը 00.20-ին։

Ձեռնարկվում են միջոցառումներ 23-ամյա երիտասարդին եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։