Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23–ին, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Հռոմում նախագահ Սարգսյանը կմասնակցի կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովին:

Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար միջազգային հարթակներից մեկն է:

Cybertech-ի համաժողովներն ու ցուցադրությունները լավագույն վայրն են ոլորտով հետաքրքրվողների համար՝ ծանոթանալու վերջին տեխնոլոգիական նորարարություններին, տեղեկանալու համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերների ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակների մասին:

Cybertech-ի միջոցառումների հյուրերի շարքում են աշխարհի առաջատար գործիչները, որոնք ներկայացնում են պետական համակարգը, անվտանգության և պաշտպանության, առողջապահության, ապահովագրության և այլ ոլորտներ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը համաժողովի առաջին օրը՝ սեպտեմբերի 24-ին, կլինի գլխավոր բանախոսը՝ «Հայաստանը որպես կիբեր անվտանգության հարցերով տարածաշրջանային ի հայտ եկող կենտրոն և գրավիչ վայր ներդրումների համար» խորագրով ելույթով:

Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև իտալական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ ներդրումային համագործակցության հնարավորություններին, իսկ որոշների հետ շարունակել քննարկումները՝ ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական քայլերի վերածելու ուղղությամբ: