«Ոչ, ես վստահ չեմ, որ մենք կկարողանանք խուսափել պատերազմից»։ Այս մասին CBS News-ի Face the Nation հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը։

«Ես վստահ եմ, որ մենք պատերազմ չենք սկսի, եւ ով էլ այն սկսի, նա չի լինելու այն ավարտողը»,- հայտարարել է Զարիֆը, ավելացնելով, որ ցանկացած պոտենցիալ հակամարտություն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ չի լինելու «սահմանափակ»։

Իրանի ԱԳՆ ղեկավարը կրկին հերքել է սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի կողմից Թեհրանին հասցեագրվող մեղադրանքները։ Նա քննադատել է Թրամպի վարչակազմին, տարածաշրջան լրացուցիչ ամերիկյան զորքեր ուղարկելու համար։

Զարիֆը նաեւ նշել է, որ Իրանը պատրաստ է միջազգային քննիչների խմբին թույլատրել հետաքննել հարձակումը եւ պարզել մեղավորին՝ պայմանով, որ նրանք պետք է անաչառ լինեն։ «Թույլ տվեք նրանց անել դա, քանի որ պիտի ինչ-որ հրաշք կատարվի, որ նրանք կարողանան մեղադրել Իրանին»,- ասել է Զարիֆը։