Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր նշանակված էր Հասմիկ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը։ 

Սարգսյանը հանրությանը հայտնի է 10.000 դրամի գողության գործից. չորս երեխաների մայրը նախկինում երեք անգամ մեղավոր է ճանաչվել գողություն կատարելու համար, իսկ այժմ մեղադրվում է 4-րդ անգամ նույն արարքը կատարելու մեջ:

Համաձայն մեղադրական եզրակացության` Հասմիկ  Սարգսյանը 2018 թվականի հունիսի 28-ին ժամը 13:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, կոտրել ընդունարանի բաժանմունքի 5-րդ աշխատասենյակում առկա պահեստարան հանդիսացող պահարանի դուռը և ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այնտեղից գաղտնի հափշտակել է ավագ բուժքույր Սիրանուշ Գասեսյանին պատկանող 7.500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս «ՎՏԲ Հայաստան» բանկի», «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բանկային քարտերը՝ իրենց ծածկագրերով և 500 ՀՀ դրամ գումար` այսպիսով Գասեսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: NEWS.am-ի հետ զրույցում Սարգսյանի պաշտպան Լուսինե Ասլանյանը հայտնեց, որ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նա նշեց, որ նախաքննության ընթացքում տուժողը պնդել է գումարային պահանջը։ Այսօրվա դատական նիստին Սարգսյանի պաշտպանը դիմել էր դատարանին` հայտնելով, որ այլ նիստով ծանրաբեռնված է եղել և չի կարող նիստին մասնակցել։ Չէին ներկայացել նաև ամբաստանյալն ու մեղադրողը։ Նշենք, որ Սարգսյանին վերագրվող դեպքը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ մեծ աղմուկ էր բարձրացրել Սարգսյանին 6 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի դատավճիռը: Սիսիանի բնակիչ, չորս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի ընտանիքը գոյատեւում է ծայրահեղ կարիքի պայմաններում։

Ընտանիքի հայրը հեռացել է, մինչ ամուսնալուծվելը պարբերաբար ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը, որի հետեւանքն են նաեւ երեխաների մոտ առկա առողջական բազմաթիվ խնդիրները։ Իրավապաշտպանները պնդում էին, որ Հասմիկ Սարգսյանին Սիսիանի քննչական բաժնում ստիպել են տալ այնպիսի ցուցմունքներ, որոնց արդյունքում նա հայտնվել է ամբաստանյալի աթոռին: 2019 թվականի ապրիլի 11-ին Վճռաբեկ դատարանը մասնակի բեկանել է Սարգսյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն ու նրա նկատմամբ նշանակել երկու տարի ժամկետով փորձաշրջան: