Հայաստանը նշեց անկախության 28-ամյակը․ տոնը այս անգամ Երեւանից տեղափոխվել էր Գյումրի, այնտեղ էր իշխանական էլիտան, բազմաթիվ քաղաքացիներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական խոսքը կառուցեց իր նախահեղափոխական թեզի վրա՝ ամեն բան կախված է մեկ մարդուց։

Շնորհավորական ուղերձներ հղեցին երկրորդ եւ երրորդ նախագահները։ Ռոբերտ Քոչարյանը իր ուղերձում նաեւ մտահոգություններ հայտնեց՝ նշելով, որ «այսօր երկիրը կանգնել է տարիներ շարունակ արյամբ և քրտինքով կառուցածը անպատասխանատու կերպով քանդելու վտանգի առաջ: «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը, ոչնչացվում ավանդական ազգային արժեքները, անհանդուրժողականություն և փոխադարձ ատելություն է սերմանվում»:

Բաժանարար գծերի վտանգների մասին խոսեց նաեւ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով «Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է»:

Գյումրիից Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնեց Լոս Անջելես։ Ամերիկյան օրակարգը նա սկսեց մամուլի ասուլիսով եւ խոսեց հիմնականում երեւանյան թեմաներով։ Նախ լրագրողները Փաշինյանին հիշեցրին Վանեցյանի հրաժարականի տեքստը։

Լրագրողները վարչապետին հիշեցրին նաեւ երկու նախկին նախագահների հայտարարությունները՝ պառակտման վտանգների մասին։ Դատարանների, լրատվամիջոցների շարքին՝ նրանց, ովքեր ըստ Փաշինյանի, իրենց ժպիտները ընկալում են որպես թուլություն, վարչապետն ավելացրեց նաեւ եկեղեցականներին․ նրանք էլ սխալ ընկալման դեպքում ուժեղ հակահարված կստանան։

Ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Լոս Անջելեսի հայ համյնքի հետ Գրանդ Փարքում։ Հանրահավաքից հետո Փաշինյանը պաշտոնական հանդիպումներ ունեցավ՝ Կալիֆոռնիայի փոխնահանգապետի եւ Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։

Փաշինյանի ասուլիսին շուտով արձագանքեցին Հայաստանից։ Նախ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ վարչապետը խոսում է բաներից, որոնցից քիչ է հասկանում, ապա կուլիսային տեղեկություն հայտնեց, թե իր հրաժարականից հետո Փաշինյանը մարդիկ է ուղարկել իր մոտ՝ խնդրելով, որ որոշ ժամանակ լռի, որպեսզի իրավիճակը հանդարտվի․ «բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները եւ հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։ Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատեւ ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետեւանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետեւանքների մասին մտածելու։»,- ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» փորձողների ծնկներն են ջարդվելու․ հայտարարել է Միքայել Մինասյանը։ Նա նաեւ Փաշինյանին անվանել է ատելության առաքյալ, «քաղցկեղի» օջախ, որը երկար տարիներ ներսից խժռում էր մեր առողջ բջիջները, իսկ հիմա արդեն հասունացել ու մեծացել է այնքան, որ պիտի վերջապես կա´մ հեռացնենք, որ բուժվենք, կա´մ քայքայվենք ու վերջնական կործանվենք:

Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Լոս Անջելեսում, ըստ Լեւոն Քոչարյանի, ճղճիմ փորձ էր Էժանագին էմոցիաներ փախցնելու և մեր երկրի բուն խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։ «Նա ամերիկաներից սպառնացել է, որ վերականգնելու է 1998–ից առաջ եղած ստատուս քվոն։ Ճիշտ է, մեր ընտանիքի հասցեին վայրահաչելով ու իր սիրած «երգը» երգելով է դա ասել, բայց նրա խոսքն իրականում այլ բան է նշանակում։ 1998–ից առաջ եղած ստատուս քվոն վերականգնել, նշանակում է երկրի տնտեսության հերն անիծել ու վերադառնալ Արցախի խնդրի կարգավորման վաղուց մերժված փուլային տարբերակին», ասել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ նշելով, որ  թույլ չեն տա այդ սցենարի իրականցումը։

Առաջնագծում դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել, հակառակորրդը մեկ դի թողնելով հետ է շպրտվել։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը: Դիվերսիոն փորձը ձեռնարկվել է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական շփման գծի հարավ-արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: «ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել է բացատրություններ տալ ձախողված դիվերսիայի առնչությամբ՝ հայտարարելով, թե զինծառայող Ռամին Աբդուլռահմանովը մոլորվել է եւ սպանվել հակառակորդի դիրքի դիմացի տարածքում։ Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր Խաչին՝ զոհված զինծառայողի մարմինն անվտանգ տեղափոխելու համար։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է, նրան վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Սպային ծեծելու համար կասկածվող Վայոց Ձորի մարզպետի 28-ամյա օգնական Հարություն Գրիգորյանը երեկ կալանավորվել է:

Ծեծկռտուքին մարզպետի մասնակցության մասին եւս լուրեր կան, բայց Տրդատ Սարգսյանը հերքում է, ըստ նրա՝ ինքը տանն է եղել եւ տեսախցիկներն էլ ֆիքսել են, թե ինչպես է մեքենան կայանել երեկոյան 10-ի կողմերը եւ բարձրացել տուն, իսկ դեպքը եղել է մոտ կեսգիշերին։ Վնասվածքների վերաբերյալ էլ մարզպետն այլ վարկած ուներ՝ իր օգնականի օգտին։

Մարզպետի տան բակում տեղադրված տեսախցիկները Քննաչական կոմիտեից առգրավվել են՝ նրա մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով․ հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը՝ հավելելով, որ գործը գտնվում է կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո։

Մարզպետն արդարանում էր անկախությունը տոնող Գյումրիում։ Այնտեղ էր եղել նաեւ փոխգնդապետի հայրը։

Փոխգնդապետն այժմ գտնում է զինվորական հոսպիտալում, ըստ բժիշկների՝ վերջին հետազոտությունն արձանագրել է բացասական դինամիկա։

Մի խումբ սպաներ էլ այսօր բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի առաջ՝ պահանջելով արդար քննություն։ Ըստ նրանց՝ արդեն կան թերացումներ եւ մտավախություն, որ որոշ հանգամանքներ կկոծկվեն մարզպետին փրկելու համար։

Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը: Նախնական տվյալներով, զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով։ Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Հայկ Խաչատրյանը Նորագյուղից է, NEWS.am-ին նրա հարեւանները պատմել են, որ երիտասարսը տեսողության լուրջ խնդիր ունի, ինչը սակայն հաշվի չի առնվել նրան զորակոչելիս։ 

Արդեն մեկ շաբաթ է՝ ավելի քան հազար հայկական բեռնատարներ մնացել են Վերին Լարսի անցակետում։ NEWS.am–ին ահազանգած վարորդները նշում են, որ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում՝  մինչեւ 100.000 ռուբլի տուգանքներ նշանակելով։ Բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանը NEWS.am-ին հայտնեց, որ մաքսային զննումից հետո ռուսական մաքսային ծառության աշխատակիցները հայտարարել են, թե իբր բեռնատարները գերբեռնված են, և դրա համար պետք է տուգանք վճարեն։ Հայրապետյանը հայտնեց, որ դիմել են Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, այնտեղից պարզաբանել են, թե խնդիրը կապված է վրացական կողմի հետ, մինչդեռ ըստ ընկերության տնօրենի՝ բեռնատարները դեռևս չեն հատել ռուսական սահմանը, և մեքենաների փաստաթղթերը ռուս մաքսավորների մոտ են։

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 522 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 592, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 44 դրամ։

Հանրապետության տարածում սեպտեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+16, վաղը ցերեկը՝ +26+28: