Մենք 100 տոկոսով գիտենք` Ամուլսարի հանքն աղետ է եւ  վստահ ենք, որ Կառավարությունն էլ կհասկանա դա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ, բնապահպան-ակտիվիստ  Շիրակ Բունիաթյանը` անդրադառնալով նախօրեին Լոս Անջելեսում Նիկոլ  Փաշինյանի հայտարարությանը, որ Կառավարությունը որեւէ ճնշման չի ենթարկվում Ամուլսարի հարցում:

«Մենք որպես տարածքում ապրող մարդիկ 100 տոկոսով գիտենք, որ այդ հանքը աղետ է, ու վստահ ենք, որ կառավարությունն էլ դա կհասկանա: Այսինքն՝ մենք ինչ-որ վտանգ չենք տեսնում, քանի որ հավատում ենք, որ կառավարությունը կոռումպացված չէ, շահագրգռվածություն չունի ոչ բացելու, ոչ փակելու հանքը, ու իրենք եթե լավ փնտրեն, անպայման գտնելու են այն, որ չի կարելի շահագործել Ամուլսարը: Մենք նորմալ ենք վերաբերում դրան»,-ասաց նա:

Բնապահպան-ակտիվիստը  նշեց, որ եթե վերջնական որոշում չլինի, իրենք չեն լքելու դիրքերը, շարունակելու են «պահպանել» Ամուլսարը:

Ինչ վերաբերում է վարչական դատարանի որոշմանը` ճանապարհները բացելու վերաբերյալ, Շիրակ Բունիաթյանը նշեց, որ այդպիսի որոշում չկա, կար միայն վագոն-տնակները «Լիդիանի» սահմանից հանելու վերաբերյալ, ինչն իրենք վաղուց են արել, եւ հիմա դրանք գտնվում են համայնքային հողերի վրա:

Նա նշեց, որ առժամանակ դադարեցրել են ակցիաները եւ սպասում են Կառավարության հետագա քայլերին, ըստ  այդմ էլ կորոշեն իրենց հետագա անելիքները:

Նշենք, որ երեկ Նիկոլ  Փաշինյանը երեկ Լոս Անջելեսում իր ասուլիսի ժամանակ պատասխանել էր Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հարցին եւ ասել, որ այդ հարցում Կառավարությունը որեւէ ճնշման չի ենթարկվում. «Ես հանքը բացելու կամ չբացելու խնդիր չեմ դրել, ես ասել եմ, որ պետք է գնալ ճշմարտության հետրից։ Ես «Լիդիանի» ներկայացուցիչներին էլ եմ ասել, որ եթե պարզվի, որ այն ստանդարտներով, որոնք դուք ասում եք,  կարող եք հանքը շահագործել, ես Ձեզ կաջակցեմ,  եթե ոչ, բացառվում է՝ ես Ձեզ աջակցեմ»: