ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ Հնդկաստանն ու Պակիստանը կարող են կարգավորել Քաշմիրի հարցով իրենց տարաձայնությունները։ Այս մասին նա հայտարարել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ ՄԱԿ ԳԱ կուլիսներում հանդիպման ժամանակ, հայտնում է Reuters-ը։

Թրամփը կրկին հայտարարել է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ միջնորդ դառնալու պատրաստակամության մասին։ «Եթե ես կարող եմ օգնել, ես կուզեի օգնել։ Ես ուզում եմ, որ բոլորին լավ վերաբերվեն»,- ասել է Թրամփը։

Խանը նշել է, որ Քաշմիրը բախվել է մարդասիրական խնդրի հետ, քանի որ միլիոնավոր մարդիկ պաշարման մեջ են գտնվում։ Նա Թրամփին խնդրել է համոզել Հնդկաստանի վարչապետին «հանել պաշարումը»՝ նշելով, որ ճգնաժամն ավելի կարող է սրվել։ Նրա խոսքերով, Թրամփը ղեկավարում է աշխարհում ամենահզոր երկիրը, եւ Միացյալ Նահանգները պարտավոր են օգտագործել իրենց ազդեցությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդում։