Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են աջակցել Ժնեւում Սիրիայի Սահմանադրական կոմիտեի առաջին նիստի անցկացմանը, ասվում է նրանց համատեղ հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները՝ որպես «Աստանայի ձեւաչափի» երաշխավոր երկրներ, եռակողմ հանդիպում են ունեցել ՄԱԿ ԳՎ 74-րդ խորհրդաժողովի շրջանակում։

«Նախարարները պայմանավորվել են աջակցել Ժնեւում Սահմանադրական կոմիտեի առաջին նիստի անցկացմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված համատեղ հայտարարությունում։

Բացի այդ, ՌԴ, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները վճռականություն են հայտնել ՍԱՀ Սահմանադրական կոմիտեին աջակցելու հարցում՝ սիրիական կողմերի եւ Սիրիայի գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարի հետ մշտական փոխգործակցության միջոցով։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ողջունել են Սահմանադրական կոմիտեի ձեւավորման գործընթացի ավարտը՝ հաստատելով անփոփոխ հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը։

«Նախարարները նշել են, որ այդ վճռական քայլը սկիզբ կդնի կենսունակ եւ երկարաժամկետ քաղաքական գործընթացի, որն իրականացվում է սիրիացիների կողմից ՄԱԿ աջակցությամբ, Սոչիում Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի որոշումներին եւ ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւին համապատասխան»,- ասվում է հայտարարությունում։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը երկուշաբթի հայտարարել է ՍԱՀ Սահմանադրական կոմիտեի վերջնական կազմավորման մասին եւ տեղեկացրել, որ այն կգումարվի առաջիկա շաբաթներին։ Նա նշել է, որ հավատում է, որ հանձնաժողովի ստեղծումը կարող է եւ պետք է դառնա հակամարտությունից քաղաքական ելքի սկիզբ՝ այն որոշման ընդունման ճանապարհին, որը կհամապատասխանի բոլոր սիրիացիների լեգիտիմ ցանկություններին։