Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

Վարչապետը, ողջունելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, նշել է, որ Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը եւ հետաքրքրված է դրա խորացմամբ։

Յենս Ստոլտենբերգը իր հերթին ողջունել է Հայաստանի վարչապետին եւ նշել, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, եւ երկկողմ Անհատական գործընկերության ծրագիրը լավ բազա է՝ այդ գործակցությունը շարունակաբար ամրապնդելու համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցերի շուրջ։ Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում եւ հեղափոխությունից հետո բազմիցս հայտարարել է այդ մասին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարեւորել է ՀՀ վարչապետի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը եւ նշել, որ ՆԱՏՕ-ն սատարում է խաղաղ կարգավորման ջանքերին՝ տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ անվտանգության համատեքստում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ներկայիս իրավիճակի եւ մարտահրավերների շուրջ։