«Արարատ-հակատեռոր-2019» զորավարժությունների նպատակին հասել ենք: Այս մասին, ամփոփելով զորավարժությունների արդյունքները, հայտարարեց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ զորավարժությունները ցույց տվեցին ԱԱԾ, ոստիկանության, ՊՆ եւ ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների պատրաստվածության բարձր մակարդակը:

«ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը դրական գնահատեց բոլոր մասնակիցների գործողությունները: Զորավարժությունների նպատակին հասել ենք»,- հայտարարեց Մարտիրոսյանը: 

«Արարատ-հակատեռոր-2019»-ը անցկացվել է 3 փուլերով, այն նպատակ ուներ բարձրացնել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների եւ ուժային այլ կառույցների պատրաստվածության մակարդակը, հակազդել ահաբեկչական մարտահրավերներին եւ սպառնալիքներին: Զորավարժություններին մասնակցել են ԱՊՀ 7 պետությունների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան) հատուկ ծառայությունները: Եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Հայաստանում «Մարշալ Բաղրամյան» պոլիգոնում: