«Արարատ-Հակաահաբեկչություն-2019» զորավարժության եզրափակիչ փուլում զորքերի գործողության հետ միասին օգտագործվել են ոչ սովորական սցենարային քայլեր: Այս մասին ասաց ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը՝ ամփոփելով զորավարժության արդյունքները: 

«Ամեն տարի, երբ զորավարժություն ենք անցկացնում, փորձում ենք այն տեղեկություններից առաջ լինել, որոնք ստանում ենք ահաբեկչական խմբերի, հայրենիք վերադառնալու գրոհայինների հնարավորությունների եւ այսպես կոչված՝ «քնած բջիջներն» օգտագործելու փորձի մասին»,- ասաց Նովիկովը:

Նրա խոսքով՝ այս տարի ընտրված չափազանց կարեւոր օբյեկտների պաշտպանության թեման արդիական է Համագործակցության բոլոր անդամների համար: «Մեր երկրների վառելիքաէներգետիկ միջանցքները միասնական ցանց են ձեւավորում, որի գործառնության խախտումը կարող է հանգեցնել երկրի տնտեսության կառավարման կորստին»,- ասաց Նովիկովը:

«Զորավարժության արդյունքներն ամփոփելով՝ կարելի է վստահաբար ասել, որ այն ցույց տվեց ԱՊՀ բոլոր երկրների ունակությունը համատեղ ջանքերով լուծելու բարդ խնդիրները, որոնք ծառացած են հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների առաջ»,- եզրափակեց Անդրեյ Նովիկովը: