Հայաստանի եւ Չինաստանի երկկողմ բարեկամական համագործակցային հարաբերությունները զարգանում են առողջ և կայուն ձևով, իսկ վերջին տարիներին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում հայ-չինական հարաբերությունները մտել են արագ զարգացման նոր փուլ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։

«Տնտեսական և առևտրային համագործակցությունը կայուն զարգանում է, և համագործակցության ոլորտները շարունակում են ընդլայնվել: 2009 թվականից ի վեր Չինաստանը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը, իսկ հայ-չինական առևտրաշրջանառության ծավալը կազմում է Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի շուրջ 10% -ը: Այս տարվա հուլիսի դրությամբ հայ-չինական առևտրաշրջանառության ծավալը հասել է 500 միլիոն ԱՄՆ դոլարի՝ տարեկան կտրվածքով աճելով 22,6%-ով»,– ասաց նա։

Դեսպանը կարեւորեց նաեւ համագործակցությունը հումանիտար, կրթական ու մշակութային ոլորտներում։ Թիան Էրլունը լիահույս է, որ շատ շուտով կհաստատվի երկու երկրների միջեւ առանց վիզայի ռեժիմը, որը հնարավորություն կտա զարգացնել նաեւ տուրիզմը. «Եթե 2015թ.–ին Հայաստան է այցելել 2-3 հազար չինացի, ապա այս տարի նախատեսվում է, որ նրանց թիվը կգերազանցի 10 հազարը»։

Երկու երկրների միջեւ ընդլայնվող համագործակցությամբ է պայմանավորված, որ Չինաստանը Երեւանում կառուցում է նոր դեսպանատուն։ Թիան Էրլունի խոսքով, ներկայիս դեսպանատան շենքը հարմարավետ է, սակայն այլեւս փոքր է. եթե 90–ականներին դեսպանատունն ուներ 6 աշխատող, ապա այսօր նրանց թիվը գերազանցում է 50–ը։

«Մենք էլ ավելի մեծ ներդրումներ կանենք, որպեսզի շարունակաբար խորացնենք երկու երկրների միջև բարեկամական համագործակցությունը և ամրապնդենք երկու ժողովուրդների միջև բարեկամությունը»,– նշեց դեսպանը։

Նշենք, որ Չինաստանն այս տարի նշում է իր կազմավորման 70–ամյակը։