Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը օրերս ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էր քննարկում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հանցագործության հատուցման թեմայով, որին բանախոսելու էր իրավագետ եւ ցեղասպանագետ, դոկտոր Ջերմեյն Մաքքալպին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Անարդարությունը մեկ տեղում՝ սպառնալիք է արդարությանը ամենուր»,- հայտնի իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի խոսքերն է մեջբերում իրավագետ եւ ցեղասպանագետ դոկտոր Ջերմեյն Մաքքալպին ԱՄՆ Կոնգրեսում Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած քննարկմանը Հայոց ցեղասպամության ճանաչման եւ հատուցման հարցերի շուրջ: Իր ելույթում դոտոր Մաքքալպին ընդգծեց միասնության կարեւորությունը այս նպատակներին հասնելու համար, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարում:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը չի կարող հաջողությամբ պսակվել, եթե դրա մասին քարոզեն միայն հայերը: Անհրաժեշտ է բոլորիս ու լայն զանգվածների միասնական քարոզչությունը»,- ասում է նա:

Նա կոչ արեց դասեր քաղել մարդկության հանդեպ կատարած այլ հանցագործությունների ճանաչման եւ հատուցման օրինակներից ՝ ընդգծելով, որ ցեղասպանությունը դադարում է միայն այն ճանաչելուց հետո:

«Պետք է բացառել, որ ժամանակակից զարգացումները խափանեն հանցանքի ճանաչման գործընթացը: Քանի դեռ ցեղասպանությունը ժխտվում է, այն շարունակվում է»,- նշում է Մաքքալպին:

Դոկտոր Մաքքալպիի կարծիքով Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցման տրամադրումը կարեւոր է նաեւ Թուրքիայի համար, քանի որ առանց դրա անհնար է հասնել երկրի լիակատար ժողովրդավարացմանը: Նա վստահ է, որ՝հատուցումն ավելի խորը երեւույթ է, քան ֆինանսական փոխհատուցումը: Դրա առաջնային նախապայմաններից է հանցագործության գիտակցումն ու ճանաչումը, որից հետո միայն հնարավոր է խոսել հատուցման ձեւերի մասին:

Հայ դատի Վաշինգտոնի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը եւս համամիտ է՝ հատուցումն ու ճանաչումը փոխկապակցված են, իսկ հատուցման համար անհրաժեշտ է ցեղասպանության հանցանքի ճանաչում: Հայոց ցեղասպանության հարցում, ըստ Համբարյանի, հնարավոր է հասնել ճանաչմանը աշխարհում կոնսենսուսի ձեւավորման միջոցով, որի արդյունքում Թուրքիան, միայնակ մնալով, ստիպված է լինելու ճանաչել իրողությունը: Դա էլ, ըստ Համբարյանի, ճանապարհ կհարթի հատուցման տարբեր ձեւերի շուրջ երկխոսությանը:

«Սա յուրահատուկ չէ միայն հայերի համար: Աշխարհում յուրաքանչյուր տեղում կա այն ընկալումը, որ երբ հանցանք է կատարվում, ապա ոճրագործները նախ պետք է ընդունեն իրենց մեղքը, ճանաչեն այն եւ ճանապարհ գտնեն վերականգնելու արդարությունը զոհերի նկատմամբ»,- ասում է Արամ Համբարյանը:

Միջոցառմանը ներկա Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի կարծիքով էլ Հայոց ցեղասպանության զոհերի հատուցման խնդիրը ունի որոշակի տարբերություն, օրինակ Հոլոքոստի հետ՝ իրավական հիմքերից ելնելով: Հայոց ցեղասպանության դատապարտման գործընթացը չունի Նյուրենբերգի նախադեպ, ուստի անհրաժեշտ են նոր եւ ստեղծագործ մոտեցումներ, որոնք կարող են փոփոխություններ մցնել այս հարցում: