Ֆրանսիան հրաժեշտ է տալիս հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակին: Երկուշաբթին ազգային սգի օր է հայտարարվել ի հիշատակ ականավոր քաղաքական գործչի, որը 87 տարեկանում մահացել է սեպտեմբերի 26-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ելիսեյան պալատից հայտնել են, որ պաշտոնական արարողությունները կանցկացվեն նախ պատմական Հաշմանդամների պալատի պատվո բակում, որտեղ հանգուցյալ առաջնորդին զինվորական պատիվ կտրվի: Նա 12 տարի՝ 1995-2007 թվականներին որպես հանրապետության նախագահ եղել է նաեւ Ֆրանսիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:

Զինվորական պատիվներից հետո սգո երթը կուղեւորվի Փարիզի հին Սեն Սյուլպիս եկեղեցի, որը գտնվում է Լյուքսեմբուրգյան այգու եւ Սեն Ժերմեն պուրակի միջեւ: Այնտեղ Շիրակի ընտանիքի անդամների, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ արտասահմանյան երկրների առաջնորդների մասնակցությամբ  տեղի կունենա հոգեհանգստի պատարագ: Եկեղեցում հրաժեշտի արարողություն ավարտելով՝ Մակրոնը Ելիսեյան պալատում կհանդիպի Փարիզ ժամանած արտասահմանցի գործընկերների հետ:

Հարգանքի տուրք

Աշխարհի երկրների 80 առաջնորդներ Փարիզ կժամանեն երկուշաբթի մասնակցելու Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակի արարողությանը: Այս մասին հայտնել է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատին:

Փարիզ կժամանեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան: Դեռեւս ուրբաթ իրենց մասնակցությունը սգո արարողությանը հաստատած  առաջնորդների թվում են՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Ֆրանսիայի մայրաքաղաք են ուղեւորվում Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Հունգարիայի վարչապետ Վկտոր Օրբանը եւ Կոնգոյի նախագահ Դենի Սասու-Նգեսոն: Փարիզ  կգա նաեւ Մոնակոյի իշխան Ալբեր II-ը:

Փարիզի Սեն Սյուլպիս տաճարում արարողությանը կմասնակցեն Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը եւ Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին:

Հիշատակի արարողությունը, որն անցնելու է Շիրակի մտերիմների եւ ազգականների մասնակցությամբ, կղեկավարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Տաճարում կլինեն երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին եւ վերին պալատների խոսնակները, մի շարք ֆրանսիական կուսակցությունների առաջնորդներ: Լայնորեն կներկայացվեն Շիրակի շրջանի քաղաքական գործիչները՝ ինչպես ֆրանսիացի, այնպես էլ արտասահմանցի: Նրանց թվում են Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ Աֆղանստանի պետության նախկին ղեկավար Համիդ Քարզայը: Ֆրանսիայի նախկին նախագահներից Սեն Սյուլպիս կժամանեն Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը, Վալերի Ժիսկար դ՛Էսթենը:

Երկուշաբթին Ֆրանսիայում հայտարարվել է ազգային սգի օր: Պետական հաստատությունների դրոշները կիջեցվեն: Օրվա կեսին Ելիսեյան պալատում ճաշ կտրվի ի պատիվ երկիր ժամանած երկրների առաջնորդների եւ ականավոր քաղաքական գործիչների:

Դարաշրջանի հայելու մեջ

Նա քաղաքականությունից դուրս է եկել 2007 թվականին նախագահական լիազորությունների ավարտից հետո: Բայց Ելիսեյան պալատից հեռանալուց հետո շարունակել է մնալ Ֆրանսիայում ամենահանրահայտ դեմքերից մեկը: Ժակ Շիրակն իր ամենաերիտասարդ ժառանգորդին առաջին անգամ հանդիպել է 2017 թվականի սեպտեմբերին ընտրություններում 39-ամյա Էմանուել Մակրոնի հաղթանակից հետո:

Հրաժեշտ տալիս նա իր հյուրին նվիրել է դը Գոլի բրոնզե ոչ մեծ կիսանդրին, որը մշտապես եղել է թե՛ Փարիզի քաղաքապետարանի, թե՛ Ելիսեյան պալատի աշխասենյակի իր աշխատասեղանին: Նրա դստեր՝ Կլոդի խոսքով՝  հանգուցյալ նախագահի համար այդ կիսանդրին անչափ թանկ էր եւ ցանկացել է իր նվերով ընդգծել հանրապետության ժառանգորդությունը՝ անկախ քաղաքական պատնեշներից:

Չնայած դեռեւս պաշտոնապես չի հաստատվել, սպասվում է, որ Շիրակի հուղարկավորությունը տեղի կունենա մինչեւ օրվա վերջ Մոնպառնաս գերեզմանատանը: Փարիզյան այս գերեզմանատեղիում են թաղված Գի դը Մոպասանը, Ժան-Պոլ Սարտրը եւ այլ հայտնի գրողներ, Ֆրանսիայի արվեստի գործիչներ: Նախագահը կննջի իր ավագ դստեր՝ Լորանսի կողքին, որն անժամանակ կյանքից հեռացել էր 3 տարի առաջ: