Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղում գյուղապետ է ընտրվել անկուսակցական 25-ամյա Արսեն Հովսեփյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից: Քվեարկությանը մասնակցած 539 ձայնից 208-ը հավաքել է ընտրված գյուղապետը։

Մյուս թեկնածուներ Արթուր Շահբազյանի օգտին քվեարկել են 170, Վալտեր Գեւորգյանի՝ 108, իսկ արդեն նախկին գյուղապետ Հայկ Սիմոնյանի օգտին՝ 51 ձայն։ Նշենք, որ Լճափում 878 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 539-ը (61.39 տոկոս)։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անց են կացվել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: