Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Հարությունյանի, այսօր՝  հոկտեմբերի 1–ին մերժեց ՀՀ երրորդ  նախագահ Լևոն Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին և դստերը՝ Անի Սարգսյանին պատկանող ընկերություններում ստուգումներ իրականացնելու որոշումն օրինական համարելու դատական ակտի դեմ նրանց բողոքը:

Նշենք, որ Նարեկ և Անի Սարգսյանները և նրանց հայրը` Լևոն Սարգսյանը մեղադրյալ են ներգրավվել ապօրինի հարստացման և հայտարարագման ենթակա գույք թաքցնելու կապակցությամբ  հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս գործի շրջանակներում մասնագիտական ստուգումներ են իրականացվել նրանց պատկանող ընկերություններում, որի դեմ նրանք բողոք են ներկայացրել: 2019 թվականի մարտի 27–ին, առաջին ատյանի դատարանը, քննելով Սարգսյանների կողմից ներկայացված՝ Անի և Նարեկ Սարգսյանների իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու վերաբերյալ բողոքը` որոշել է այն մերժել։ Այդ դատական ակտը Սարգսյանների պաշտպան Միհրան Պողոսյանը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Վերաքննիչ ատյանում գործը քննվել է դռնփակ դատական կարգով։

Հիշեցնենք, որ ՀՔԾ–ում դեռեւս մեկ տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում Լեւոն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ։

Իսկ վերջերս էլ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում  Լևոն Սարգսյանը որպես մեղադրյալ էր  ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (Հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը)։ Սարգսյանի  նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նրա նկատմամբ կրկնակի կալանավորման որոշում կայացվել։