The Ski Week եւ The Yacht Week զբոսաշրջային ընկերությունները ճամփորդությունների սիրահարների համար առաջարկում են «երազանքի թափուր տեղեր», տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Travel & Leisure-ին։

Թիմը, որը կազմակերպում է զբոսանավային եւ լեռնադահուկային շրջագայություններ, փնտրում է երկու հոգու, որոնք շաբաթական շրջագայությունների կմեկնեն, որպեսզի դրանց լուսանկարները եւ տեսանյութերը պատրաստեն սոցցանցերի համար։

Հավակնորդներին խոստանում են 1,8 հազար ֆունտ աշխատավարձ, ինչպես նաեւ թռիչքների ու կեցության ծախսերի փոխհատուցում։ Աշխատանքի ընթացքում աշխատողները կայցելեն Կանադա, ԱՄՆ, Ավստրիա, Խորվաթիա, Հունաստան, Չեռնոգորիա եւ Բրիտանական Վիրջինյան կղզիներ։

Հավակնորդները պետք է 21 տարեկանից բարձր լինեն եւ ունենան գործող արտասահմանյան անձնագիր։ The Yacht Week-ի եւ The Ski Week-ի մարքեթինգի եւ տեխնոլոգիաների գծով տնօրեն Ուիլ Ուիքսի խոսքով՝ պարտադիր չէ, որ նրանք փորձառու պրոֆեսիոնալներ լինեն։ Գլխավորը ստեղծագործական մոտեցումն է եւ սովորել կարողանալը։ «Մեծ անձնավորություններ եւ կրքոտ ներկայացնողներ. ահա թե ում ենք փնտրում կոնտենտի պաշտոնական ստեղծողների պաշտոնի համար»,- Ուիքսին մեջբերում է պարբերականը։ Հավակնորդներն իրենց հայտերը կարող են ներկայացնել մինչեւ նոյեմբերի 1-ը ներառյալ։