«Լիդիան Արմենիա» ընկերության անվտանգության աշխատակիցը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝  «ԱրմԼենդ» արշավական խմբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանի դեմ։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ  սեպտեմբերի 29–ին «Լիդիան Արմենիա»  ընկերության անվտանգության աշխատակցից դիմում  է ստացվել  ոստիկանության Վայքի բաժին, որով նա հայտնել է, թե լեռնագնացների կողմից ներխուժում է կատարվել Ամուլսարի տարածք և հնարավոր է գողություն կատարված լինի։

«ԱրմԼենդ» արշավական խմբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ սեպտեմբերի 29–ին իրենց արշաբախումբը բարձարցել է Ամուլսարի լեռնագագաթ։

«Երբ լեռան գագաթ հասնելուն մնացել էր 20 մետր, հանդիպեցինք երկու աշխատակիցների, ովքեր ասացին՝ հետ վերադարձեք, սա սեփական տարածք է: Մենք չլսեցինք նրանց և շարունակեցինք դեպի գագաթ քայլելը»,- նշեց Մարտիրոսյանը։ Խմբի ղեկավարի խոսքով՝ աշխատակիցների այն կասկածները, թե հնարավոր է տարածքից գողություն կատարված լինի, իրականությանը չի համապատասխանում.

«Դա հիմարություն է, նման բան չի կարող լինել, մենք արշավախումբ ենք, պարզապես լեռ էինք բարձրացել և մեզ նախապես ոչ ոք  չէր զգուշացրել, որ չէր կարելի բարձրանալ լեռ»,–ասաց նա։

Հավելենք, որ ոստիկանությունը ստուգում է հաղորդման մեջ նշված հանգամանքների իսկությունը։