NEWS.am-ը հարցում է ուղարկել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ խնդրելով պարզաբանել , թե ինչով է պայմանավորված, որ խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցման վերաբերյալ նախագիծ չի ներկայացնում այն դեպքում, երբ դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր Վահե Գրիգորյանը չի մասնակցել որեւէ նիստի, ինչը հիմք է ԱԺ կողմից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու համար։

Լիլիթ Մակունցը պատասխան նամակով հայտնել է, որ տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, կպատասխանեն 30-օրյա ժամկետում։

Ստորև ներկայացնում ենք Լիլիթ Մակունցին NEWS.am-ի ուղարկած հարցերն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պատասխանը։

«Հարգելի տիկին Մակունց,

 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 109–րդ հոդվածի 1–ին և 2–րդ մասերի համաձայն`

1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվում են Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:

2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի համաձայն` էական կարգապահական խախտում է`

 «Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք եւ ավելի անգամ բացակայելը», ինչն էլ հիմք է ԱԺ կողմից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար:

NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան Սահմանադրական դատարանից պատասխանել են.

«Ի պատասխան NEWS.am-ի՝ Սահմանադրական դատարան ներկայացրած հարցման` հայտնում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր Վահե Գրիգորյանը չի մասնակցել որևէ նիստի (այդ թվում՝ 10 դատաքննության, որոնցով առկա չի եղել մասնակցության անհնարինության հարց)»։

Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածներով, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, խնդրում եմ հայտնել`

1.         Արդյոք Ձեզ հայտնի է եղել Վահե Գրիգորյանի` Սահմանադրական դատարանի նիստերին առանց հարգելի պատճառի բացակայելու փաստը` հաշվի առնելով  նաև այդ տեղեկատվության` մամուլում շրջանառվելու հանգամանքը։

 2.        Եթե այո, ապա կարո՞ղ եք հայտնել, թե ինչով է պայմանավորված Վահե Գրիգորյանի լիազորությունների  դադարեցման վերաբերյալ նախագիծ չներկայացնելը մինչև օրս։

3.         Արդյոք  Վահե Գրիգորյանի` Սահմանադրական դատարանի նիստերից բացակայելու հարցի հետ կապված պատրաստվո՞ւմ եք որևէ քայլ ձեռնարկել, այդ թվում` դիմել Սահմանադրական դատարան` նրա լիազորությունները դադարեցնելու համար, կամ մեր կողմից ներկայացված տվյալները ճշտելու հարցով, և ե՞րբ։

 4.        Եթե ոչ, ապա կարո՞ղ եք նշել  համապատասխան գործողություններ չկատարելու, ինչպես նաև մեկ այլ դատավորի նկատմամբ տարբերակված մոտեցում դրսևորելու  (որի վերաբերյալ, ըստ էության, ներկայացվելու է նախագիծ) պատճառների մասին»,– ասված է մեր հարցման մեջ»։

«Ի պատասխան Ձեր՝ 27.09.2019թ.–ի գրության՝ հայտնում ենք, որ այս պահին Ձեր կողմից ներկայացված հարցերի վերաբերյալ  «Իմ քայլը» խմբակցությունը ամբողջական տեղեկատվություն չունի։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք , ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

Ելնելով վերոնշյալ հանգամանքներից եւ առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ հայտնում ենք, որ Ձեր հարցմանը պատասխան կտրվի 30-օրյա ժամկետում»։