Հայ-ադրբեջանական սահմանին այսօր երեկոյան 28-ամյա պայմանագրային զինծառայող է զոհվել՝ Մուշեղ Ժիրայրի Աբովյանը, Կողբ գյուղից։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ խոսնակը։ Զինծառայողը մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից։

Իսկ երեկ ադրբեջական կողմի կրակոցներից զինվորական եւ քաղաքացի են վիրավորվել։ Նրանցից մեկը պայմանագրային զինծառայող է, կյանքին վտանգ չի սպառնում, մյուսը՝ տրակտորի վարորդ է, վիրավորվել է Նոյեմբերյանում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նա եւս ապաքինվում է։

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Սերգեյ Լավրովի հայտարարությանը ԼՂ խնդրով բանակցությունների մասին՝ կարեւորելով, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի եւ միակողմանի բնույթ կրող գնահատականներից: Հիշեցնենք՝ Լավրովը հայտարարել էր՝ «Քաղաքական գործընթացն արգելակված է, եւ առայժմ այդ արգելակը հաղթահարել չի հաջողվում: Կողմերը բավականին լուրջ հայտարարություններ են անում: Այդ թվում, որ Ղարաբաղը Հայաստան է: Ինչպես Ալբանիայի վարչապետն էր Տիրանայից հայտարարում, որ Կոսովոն Ալբանիա է: Սա, իհարկե, չի օգնում քաղաքական գործընթացի վերականգնման մթնոլորտի ստեղծմանը»։

Այսօր կառավարությունը հաստատեց հակակոռուպցիոն ռազմավարությունը. 2021 թվականից կգործի միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որը միավորելու է մի շարք քննչական վարչություններ եւ զբաղվելու է բացառապես կոռուպցիոն հանցագործություններով։ Այս կոմիտեին են փաստացի պատվիրակվելու ոստիկանության եւ ԱԱԾ-ի քննչական որոշ գործառույթներ, սակայն վարչապետ Փաշինյանի կարծիքով, նախատեսվող վերաբաշխումը ոչ միայն չի թուլացնի, այլեւ կուժեղացնի այդ կառույցները։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը երեկ անդրադարձավ իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը։ Նա հայտարարեց, որ այդ պրոցեսը քաղաքական է, և հետապնդում է մեկ նպատակ. քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, որպես մի մարմին, որը կարող է քաղաքական որոշումներին ասել՝ ստոպ, որովհետեւ այն հակասում է սահմանադրությանը։ «Ինձ համար սա սահմանագիծ է: Մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը դավաճանության են հավասար: Այսօր դա մեր սահմանին ինձ վստահված տարածքն է։ Ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ որ ունի այսօր հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորը»,- ասել էր նա։

Իսկ այսօր Ազգային ժողովը սկսեց «Իմ քայլի» նախաձեռնած քննարկումը։ Մինչ նիստը Հրայր Թովմասյանը հայտարարություն տարածեց, որ չի մասնակցի այդ քննարկմանը, քանի որ ըստ նրա՝ գործընթացն ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն:

Բուն քննարկումը անցավ քննադատական ելույթներով, որ ապահովեցին իմքայլականները, նրանց փաստարկները Թովմասյանի պաշտոնավարման դեմ ամփոփեց ԱԺ նախագահ Միրզոյանը։

«Լուսավոր Հայաստանը» արդեն իսկ հայտարարել է, որ սատարում է իշխանության նախաձեռնությանը, իսկ այս հարցում միակ ընդդիմություն «Բարգավաճ Հայաստանից» հայտարարեցին, որ «Իմ քայլի» ներկայացրած փաստաթուղը թերի է, եւ պետք է լրացուցիչ մշակվի։

Ի դեպ, Սահմանդրական դատարանի նախագահին ավելի վաղ էլ էին հրավիրել Ազգային ժողով, բայց ժամկետը սխալ էին գրել, նիստին հրավիրել էին հոկտեմբերի 24-ին, մինդեռ այն կայացել էր սեպտեմբերի 24-ին։ Այս անճշտության մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը․ «Ցավալի է, որ ԱԺ-ում՝ գրությունը պատրաստողից մինչև ստորագրություն դնող, նման անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ»,- գրել է նա։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Երեւանի առաջին ատյանի դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումը վարույթ է ընդունել: Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմը։ Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել՝ կասեցնել այդ դիմումների հիման վրա գործերի վարույթները՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ եւ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով։

«Իմ քայլը» խմբակցությունից Անդրանիկ Քոչարյանը, լրատվամիջոցներից մեկին երեկ տված հարցազրույցում անդրադառնալով Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ներկայիս իշխանությունն իրավական առումով տապալել է «Մարտի 1»-ի գործը, ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։ Այս արտահայտությունը խիստ քննադատեցին քաղաքական գործիչներ, պատգամավորներ՝ համարելով, որ կնոջ հասցեին անձնական բնույթի վիրավորանքը ոչ պաշոտնյային է վայել, ոչ էլ առավել եւս տղամարդուն։ Արձագանքեց նաեւ մարդու իրավունքների պաշտպանը՝ հայտարարելով՝ «մասնավոր կամ ընտանեկան կյանքը թիրախավորելը սկզբունքորեն է անթույլատրելի՝ առանց բացառության, առավել ևս եթե խոսքը կնոջ մասին է»։ Ֆրանսիայի դեսպանը եւս աջակցություն հայտնեց Արփինե Հովհաննիսյանին՝ հղում անելով Թաթոյանի հայտարարությանը։

Իսկ իշխանությունները երկակի քննադատության ոճով փորձեցին մեղմել վիճակը՝ հիշեցնելով նախկինների մեղքերը։ Անդրանիկ Քոչարյանը այս երկակի ոճին էլ համաձայն չէ, եւ ներողություն խնդրել չի պատրաստվում։

«Սանիթեքի» հետ պայմանագիրը ամբողջովին խզված է։ Երեւանի քաղաքապետն այսօր հրապարակեց պայմանագիրը լուծելու հիմքերը՝ մասնավորապես որ Սանիթեքը չի կատարել իր պարտավորությունները՝ ոչ աղբն է նորմալ հավաքել, ոչ էլ այնքան տեխնիկա է դուրս բերել փողոցներ, որքան պարտավոր էր պայմանագրով։

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Գավառ քաղաքում, 25 –ամյա աղջիկը՝ Էմմա անունով, միայնակ դուրս է եկել զինված խմբի դեմ եւ վնասասերծել է նրանցից մեկին։ Հոկտեմբերի 2-ին Էմման իրենց բակում տեսել է 30-40 տարեկան երկու տղամարդու։ Տղամարդկանցից մեկը ատրճանակով մոտեցել է նրան, ասել, որ իրենք գիտեն, թե որտեղ է գտնվում չհրկիզվող պահարանը, եւ փորձել է հարձակվել աղջկա վրա: Էմման դիմադրություն է ցույց տվել, ատրճանակը խլել է տղամարդու ձեռքից եւ դրանով խփել է նրա գլխին, ով հավասարակշռությունը կորցել եւ ընկել է: Հանցակից ընկերը հետապնդել է Էմմային, աղջիկը մտել է տուն։ Անկոչ հյուրերը, չկարողանալով մուտք գործել, ստիպված են եղել ձեռնունայն հեռանալ։ Ոստիկաններն ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ։

Դոլարի փոխարժեքն այսօր կայուն է, կազմել է 476 դրամ, եվրոն 521 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 584 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 32 դրամ։

Հայաստանում հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի  +13+15, վաղը ցերեկը՝ +29+31։