Բենքսիի, որը նկարում է փողոցներում, Միացյալ Թագավորության խորհրդարանը ծաղրող նկարը հինգշաբթի աճուրդում վաճառվել է ռեկորդային 9,9 մլն եվրո (12 մլն դոլար) գումարով։ Պատկառելի չափերի կտավը (4x2,5 մետր) վաճառվել է ժամանակակից արվեստի առարկաների սակարկությունների շրջանակում, որոնք Լոնդոնում կազմակերպում է Sotheby's-ը։ Կտավը բրիտանացի նկարչի՝ աճուրդում վաճառված ամենաթանկարժեք նկարը դարձավ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Վերջին գինը, որը վճարվեց նկարի համար, հինգ անգամ գերազանցել է մեկնարկայինը։ Այն 1,5-2 մլն եվրո էր (1,9-2,5 մլն դոլար)։ Սակարկությունները տեւել են 13 րոպե։

Կտավը պատկերում է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը, բայց պատգամավորների փոխարեն աթոռներին, օթյակում եւ անգամ նախագահի աթոռին նստած են շիմպանզեներ եւ օրանգուտաններ։ Կապիկները եւ առնետները Բենքսիի արվեստի կարեւոր կերպարներն են, որը 2003 թվականին շիմպանզեի կերպարով պատկերեց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին։

Հատկանշական է, որ նկարի անվանումը՝ Devolved Parliament, բառախաղ է։ Devolved տերմինը կարող է նշանակել դեգրադացիա եւ այլասերում, բայց devolved parliament բառակապակցությունը միանգամայն անվնաս իրավաբանական նշանակություն ունի։ Միացյալ Թագավորությունում այն կիրառվում է Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Ուելսի ինքնավար օրենսդիր ժողովների հանդեպ, որոնց Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պատվիրակել է իր լիազորությունների մի մասը (այդ գործընթացը կոչվում է դեվոլյուցիա)։