ՀՀ ՔԿ Գեղարքունիք մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 72-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ ՔՆնչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին` ժամը 13.40-ին, ՀՀ ոստիկանության Սեւանի բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող լողափում՝ ջրի մեջ, տղամարդու դի է հայտնաբերվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերել են 1946 թվականին ծնված Հրազդան քաղաքի բնակչի դին՝ բերանը կպչուն ժապավենով կապված վիճակում:

Դեպքի առթիվ Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի կատարումն հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատանյութագիտական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է: