Շիրակի մարզի գրողները դժգոհում են իրենց նկատմամբ ընթերցողի անուշադրությունից ու պետական աջակցության պակասից:

«Գրողն ու գրականագետն այսօր անուշադրության են մատնված: Ընթերցողի ու պետական աջակցության  պակասը մշտապես եղել է գրականագետների խոցելի կողմը»,-այսօր`ապրիլի 1-ին հումորի ու կատակի օրը դժգոհել են Շիրակի մարզի գրողները: Նրանք հավաքվել են Հայաստանի գրողների միության  Շիրակի մարզային բաժանմունքում`ապրիլի 1-ը համարելով նախ եւ առաաջ գյումրեցի գրողների տոնը:

«Գրողին հիշել պարտավոր են բոլորը, անկախ տարիքից ու զբաղեցրած պաշտոնից: Գրքի եւ հասարակության միջեւ այսօր անջրպետ կա, իսկ տարիների ընթացքում այն ավելի է խորանում: Ամեն ինչ կենտրոնացված է մայրաքաղաքում, մարզերի ստեղծագործողներն անուշադրության են մատնված», -նշել է բանաստեղծ Վահան Սեւանը:

«Պետական աջակցություն է պետք, պետությունը պետք է գրողի ստեղծագործությունը շուկա չհանի, այսօր ճանաչման խնդիր կա …Գիրք գրելով` մենք այսօր միայն հացի խնդիր ենք լուծում, իսկ արվեստին այլեւս տեղ չի մնում»,-իր հերթին ասել է գրող Անդրանիկ Կարապետյանը: