Porsche մակնիշի պատմության մեջ առաջին անգամ էլեկտրական մեքենան արտադրվելու է Ցուֆենհաուզենի գործարանում, որը գտնվում է Շտուտգարտից հյուսիս, այնտեղ, որտեղ արտադրում են 911 եւ 718 սպորտքարեր, գրում է «Մոտոր»-ը։ https://motor.ru

«Տայկանի» նոր արտադրական հարթակի շինարարությունը տեւել է չորս տարի։ «Պորշեի» համար էական էր Taycan-ն արտադրել Ցուֆենհաուզի գլխավոր գործարանում, որն ընկերությունում անվանում են «մակնիշի սիրտն ու հոգին»։

Porsche-ում հպարտանում են, որ «Տայկանի» արտադրությունն իրականացվում է ածխաթթու գազի զրոյական արտանետմամբ։ Նոր արտադրական կառույցները ոչ միայն օգտագործում են էլեկտրաէներգիա վերականգնվող աղբյուրներից եւ կենսագազ ջերմության արտադրման համար, այլեւ տարբերվում են բարձր էներգաարդյունավետությամբ։ Որպես ռացիոնալ լուծումների օրինակ ընկերությունը հիշատակում է էլեկտրամոբիլների կիրառումը ներքին փոխադրումների համար, ավելորդ ջերմության օգտագործումը ներկման արտադրամասում եւ տանիքների կանաչապատումը։

Միայն  շինարարության նախապատրաստությունը պահանջեց 5000 աշխատակցի աշխատատեղի տեղափոխում։ Էլեկտրամոբիլի երկու տեսակի թողարկման համար ստեղծվել են թափքի, ներկման արտադրամասեր, էլեկտրաշարժիչների եւ պահեստամասերի արտադրության գործարան, հավաքման արտադրամաս եւ ուղեկցող տրանսպորտային ենթակառուցվածք։ Քանդված շինությունների նյութերը վերամշակվել են անմիջապես տեղում՝ նոր գործարաններում նորից օգտագործվելու համար։