Թուրքիան մշտապես աջակցել է եւ կաջակցի Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին Սիրիայի հյուսիսում թուրքական նոր գործողության նախապատրաստման ֆոնին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եփրատից դեպի արեւելք Սիրիայի հյուսիսում թուրքական գործողության մասին որոշում կընդունվի մոտ օրերս: Նա հավելել է, որ գործողության նպատակը Թուրքիայի սահմանակից սիրիական տարածքը սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերից մաքրելը, այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին տեղակայելն է:

«Մենք ճգնաժամի սկզբից աջակցել ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը եւ կշարունակենք աջակցել: Մենք վճռական ենք տրամադրված՝ տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու եւ մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար, դա կենսական կարեւորություն ունեցող հարց է»,- Twitter-ում գրել է Չավուշօղլուն:

Եփրատից դեպի արեւելք Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում Անկարան եւ Վաշինգտոնը համաձայնության էին հասել համատեղ գործողությունների համակարգող կենտրոն ստեղծելու մասին: Ընդ որում, Էրդողանը հայտարարել է, որ Անկարան քրդական ուժերի դեմ օպերացիա կսկսի, եթե ԱՄՆ-ը ձգձգի անվտանգության գոտու ստեղծումը: