Փոքր երկիր լինելով Հայաստանը ՏՏ ոլորտում համարվում է սուպեր ուժ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Թայվանի առեւտրի զարգացման խորհրդի ղեկավար Ջեմս Հոնգը:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Երեւանում անցկացվող  WCIT համաժողովից, եւ ինչ է տվել Թայվանին այդ համաժողովը, որը նախորդ նգամ անցկացվել է այդ երկրում, Հոնգը պատասխանեց. «Մեզ համար մեծ պատիվ է եւ մենք շատ ոգեւորված ենք այս համաժողովին ներկա լինելու համար; Սա այստեղ առաջին նմանատիպ կոնգրեսն է: Այո, 2017 թվականին Թայվանը հյուրընկալել է WCIT համաժողովը, որովհետեւ Թայվանը տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գլոբալ, հզոր ուժ է համարվում: Կարծում եմ՝ ողջամիտ որոշում էր WCIT-ն այս տարի անցկացնել Հայաստանում, քանի որ նույնիսկ փոքր երկիր լինելով Հայաստանը ՏՏ ոլորտում համարվում է սուպեր ուժ: Մենք եկել ենք շատ մեծ հանձնառությամբ՝ ցույց տալու Թայվանի սմարթ լուծումները: Մենք ակնկալում ենք Հայաստանի հետ ավելի շատ համագործակցել ՏՏ ոլորտում»:

Նա նաեւ ներկայացրեց Taiwan excellence-ը մրցանակաբաշխությունը, որը գնահատում է ամբողջ աշխարհի ՏՏ ոլորտի լավագույն արտադրանքը եւ մրցանակներ է բաշխում: