Հաջորդ ուսումնական տարվանից EIF ինժեներական ավանի տարածքում կգործի ավագ դպրոց։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտնեց EIF-ի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Ամալյա Եղոյանը։

«Մեր նպատակը երիտասարդ սերունդներին ոգեւորելն ու մոտիվացնելն է, որպեսզի նրանք ընտրեն պոլիտեխնիկական կրթությունը, որպես իրենց ապագա։ Մենք ձգտում ենք երիտասարդներին դպրոցական նստարանից խրախուսել»,- հայտարարեց նա։ Նրա խոսքերով, ավագ դպրոցի առաջին ընդունելությունը կլինի արդեն 2020թ․ սեպտեմբերից։ Սակայն միայն դեռահասներին ոգեւորելով եւ կրթելով EIF-ը մտադիր չէ բավարարվել։ Քայլեր են ձեռնարկվում կրթության բոլոր աստիճաններում՝ դպրոցական ուսուցումից մինչեւ մագիստրատուրա մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ «Մենք աշխատում ենք առաջատար միջազգային համալսարանների հետ՝ ձգտելով կարգավորել նրանց համագործակցությունը Հայաստանում գործող բուհերի հետ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հայ համայնքի աջակցության շնորհիվ այդ ուղղությամբ արդեն առաջընթաց կա։ Համագործակցություն է հաստատվել Երեւանի պոլիտեխնիկական համալսարանի եւ նյույորքյան Ռատգերսի համալսարանի միջեւ։ Երկու համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմերն էլ աշխատում են Պոլիտեխնիկական համալսարանի կրթական ծրագրերի թարմացման ուղղությամբ, իսկ ընթացիկ տարվանից համատեղ մշակված մագիստրոսական «Համակարգային ինժեներիա» ծրագրում ընդունելություն է հայտարարվել։ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները ուսումնական պրակտիկան կանցնեն EIF-ի ինժեներական ավանում։

Համագործակցություն է ստեղծվել նաեւ Երեւանի պետական համալսարանի եւ ամերիկյան Սան Խոսեի համալսարանի միջեւ։ Այցեր են կատարվում փորձի փոխանակման համար, իրականացվում են ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսումնական ծրագրերի «ափգրեյթի» աշխատանքներ։ Ծրագրվում է նաեւ ԱՄՆ նշված բուհերում հայ ուսանողներին ուսուցանելու կիսամյակային ծրագրերի ապահովում։ Այսպես, սովորելով մեկ կիսամյակ հարազատ բուհում, ԵՊՀ-ի կամ Պոլիտեխնիկական համալսարանի հայ ուսանողը ԱՄՆ-ում մեկ կիսամյակ սովորելու հնարավորություն կունենա։ «Մեր վերջնական նպատակը կրկնակի դիպլոմների հանձնումն է, երբ Պոլիտեխնիկի շրջանավարտի դիպլոմում կլինի ինչպես այդ համալսարանի, այնպես էլ Ռատգերսի համալսարանի կնիքը, իսկ ԵՊՀ-ի շրջանավարտների դիպլոմում կլինի Սան Խոսեի համալսարանի կնիքը»,- հայտարարեց նա։ Եղոյանը հավաստիացրեց, որ չի սահամանփակվի EIF-ի արդեն ունեցած կապերով, այսօր կապեր են հաստատվում Թուլուզի համալսարանի հետ, ինչպես նաեւ բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ։ Քիչ ջանքեր չեն գործադրվում նաեւ ինժեներական ավանում հետազոտական գործունեությունը ակտիվացնելու համար, տեղեկացրեց Եղոյանը։

Նա հիշեցրեց, որ Ֆրանսիան Հայաստանին Թուլուզի համալսարանի մասնագետների կողմից ստեղծված յուրատեսակ սուպերհամակարգիչ կտրամադրի, որը տվյալների հավաքագրման եւ մշակման լայն հնարավորություններ կտա՝ նպաստելով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ «Դրան զուգահեռ, աշխատանքներ են տարվում հայ-չինական համատեղ հետազոտական կենտրոնի ստեղծման ուղղությամբ»,- ասաց նա։ Հիմնադրամի բոլոր կրթական ծրագրերը հետապնդում են կարեւոր նպատակ՝ կրթության եւ արտադրության միջեւ կապի հաստատում։ «Ինժեներական ավանը կդառնա մեծ շղթա, որը կսկսվի կրթությունից եւ գիտական հետազոտություններից, իսկ կավարտվի ինժեներական լուծումներով եւ արտադրությամբ»,- հայտարարեց Եղոյանը։