ArmВionics ընկերության մասնագետները ձեռքի դաստակի բիոնիկ պրոթեզի նախատիպ են ստեղծել: Ընկերությունն իր մշակումը ներկայացրել է Երեւանում WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում:

Խոսելով դրա նշանակության մասին՝ ընկերության ներկայացուցիչ Կարինա Դավթյանը նշեց, որ ArmВionics-ում քննարկում են բիոնիկ պրոթեզների ստեղծումը ոչ միայն որպես տեխնոլոգիական, այլ նաեւ որպես մարդասիրական նախագիծ:

«Հայաստանում նման խնդիրներ ունեցող բազմաթիվ մարդիկ կան, սակայն քչերը կարող են իրենց բիոնիկ պրոթեզ թույլ տալ»,- նշեց նա:

Այս պրոթեզի միջին արժեքը կազմում է 20-50 հազար դոլար, սակայն ArmВionics-ում նպատակ են դրել արտադրությունն այնպես կազմակերպել, որպեսզի դրա գինը չգերազանցի 8 հազար դոլարը:

«Մեր հաշվարկներով՝ գինը կկազմի 4-8 հազար դոլար՝ կախված պրոթեզի չափանիշներից եւ ֆունկցիոնալությունից: ArmВionics-ի նպատակն է հնարավորինս թեթեւացնել մարդկանց կյանքը: Դեռեւս ադապտացվել են ձեռքի դաստակի 2 շարժումները: Դրանք բավարար են խոշոր եւ մանր իրեր բռնելու համար: Պրոթեզի օգնությամբ հնարավոր է մինչեւ 4 կգ քաշով փաթեթ բարձրացնել, ինչպես նաեւ բաժակ, թուղթ եւ այլ մանր իրեր: Սակայն այդ ամենով մենք չենք սահմանափակվի, պրոթեզների ֆունկցիոնալությունը կմեծանա»,- հավելեց Դավթյանը:

Բիոնիկ պրոթեզները ներկառուցված շարժակներ, հոդակապեր եւ ձգաններ ունեն, որոնք ապահովում են սարքի շարժունակությունը: Դրանում նյարդային ազդակների հաղորդիչներ են տեղադրված, ինչպես նաեւ մշակված պրոցեսոր, որը կառավարում է շարժիչները: Բիոնիկ պրոթեզի նեյրոֆիզիոլոգիական սկզբունքը թույլ է տալիս գոնե մասնակիորեն վերադարձնել լիարժեք վերջույթի զգացումը: