Հայաստանից դուրս են եկել համաշխարհային մակարդակի մասնագետներ եւ տաղանդներ, որոնց հաջողվում է ստեղծել իսկապես հրաշալի տեխնոլոգիաներ։ Այս մասին, Երեւանում զրուցելով լրագրողների հետ, հայտարարեց  Reddit եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որը Հայաստան է ժամանել WCIT 2019-ին մասնակցելու համար։

«Արդեն կան Հայաստանում ծնված՝ ընկերությունների հիմնադիրներ եւ ձեռներեցներ, որոնք կառուցում են միլիոնավոր դոլարներ արժողությամբ ՏՏ-ընկերություններ»,- նշեց նա։

Նրա խոսքերով, WCIT 2019-ի անցկացումը գերազանց հնարավորություն է օգտագործելու այն ամենը, ինչ կարող է առաջարկել Հայաստանը։

Օհանյանը նշեց, որ ուրախ կլիներ բիզնես բացել Հայաստանում։ «Ես ուզում եմ ցույց տալ աշխարհին զարմանալի ամեն բան, որ կա այս երկրում»,- հավելեց նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հաջողված էր Shakmat անվանումով կոնյակ արտադրող իր նախագիծը, նա նշեց, որ իրենք սահմանափակ խմբաքանակ են թողարկել։ «Մենք այն վաճառել ենք անցյալ Ծննդյան տոներին, եւ մենք կարող ենք եւս մեկը թողարկել, ամենայն հավանականությամբ, տոներին ընդառաջ։ Մենք ուզում ենք, որ ամերիկացիները զգան հայկական մշակույթի համը»,- հավելեց Օհանյանը։