Նախկինում փող էին աշխատում նավթով, այսօր՝ տվյալներով։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարեց Երեւանում WCIT-2019-ին մասնակցող իրավաբան Օքսանա Բալայանը։ Նա կիսվել է իր կարծիքով այն մասին, թե ինչպես են տեխնոլոգիաներն ազդում իրավաբանի աշխատանքի վրա, թե ինչի համար է անհրաժեշտ ՏՏ ոլորտի կարագավորումը եւ այլն։

Այսօր տեխնոլոգիաները կարծես շատ ավելի արագ են զարգանում քան օրենքները։ Այդպե՞ս է արդյոք, եւ հաջողվո՞ւմ է արդյոք երկրորդին հասնել առաջինի հետեւից։

Այո, ինձ թվում է, որ ներկայումս տեխնոլոգիաները այնպիսի արագությամբ են զարգանում, որ օրենսդիրները հաճախ ուղղակի չեն հասցնում։ Բայց երբեմն դա դրական է։ Օրենքների ստեղծումը շատ բարդ գործընթաց է, որն ինքնըստինքյան ինչ-որ ժամանակ է պահանջում։ Նույնիսկ եթե պարզ է, որ խնդիրը գոյություն ունի եւ այն պետք է կարգավորել, ինչպես օրինակ կիբեռանվտանգությունը, կամ անձնական տվյալների պաշտպանությունը, ինչ-որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի օրենքը ձեւակերպվի, անցի բոլոր խորհրդատվական գործընթացները եւ ընդունվի խորհրդարանի կողմից։ Բայց դրական արդյունքն այն է, որ այդ ժամանակից օգտվում է բիզնեսը։ Այսինքն նա հասցնում է մշակել ինչ-որ մեխանիզմներ եւ նույնիսկ զարգանալ ու օրինաստեղծ գործունեության ընթացքում ներկայացնել իր շատ կարեւոր դիտողություններն այն մասին, թե ինչը կարելի է անել, իսկ ինչը՝ ոչ։ Երբեմն օրենքները տեխնոլոգիաների հետեւից հասնում են ավելի արագ քան անհրաժեշտ է, ու չհասկանալով, թե ինչ է կատարվում, չխորանալով տեխնոլոգիաների մեջ, ուղղակի արգելքներ են մտցվում որոշակի տեսակի աշխատանքների նկատմամբ։ Այս ուղղությամբ շատ բան կա անելու՝ օրինաստեղծ գործընթացների եւ տեխնոլոգիաների զարգացման համաչափության ապահովման համար։ Առայժմ իրավիճակը մեծ մասամբ հարմարավետ է։

Ի՞նչ է արվում այսօր Հայաստանում, աշխարհի տարբեր երկրներում տեխնոլոգիական հատվածի կարգավորման համար։

Աշխարհում կան շատ տարբեր իրավական համակարգեր, շատ տարբեր կարգավորիչներ, բայց տեխնոլոգիաների հետ ծագող խնդիրները քիչ թե շատ միանման են։ Մեր բոլորի առաջ հառնել է անձնական տվյալների պաշտպանության խնդիրը։ Արդյոք մենք որպես հասարակություն, որպես անհատ, ուզո՞ւմ ենք որ մեր անձնական տվյալներն ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի կողմից պահպանվեն, փոխանցվեն մեկմեկու, օգտագործվեն, որպեսզի բոլոր վարքագծային պահերը հայտնի լինեն եւ այլն։ Հավանաբար շատերը կպատասխանեն՝ ոչ, ես չեմ ուզում։ 

Կարգավորիչը դրան պետք է արձագանքի։ Անհնար է, որ կարգավորումը կատարվի հենց ինդուստրիայի պատճառով։ Գուցե ոմանք ունեն ճիշտ արժեքներ, եւ նրանք ուշադրություն են դարձնում այնպիսի բաների վրա, ինչպիսիք են անձնական տվյալները, ինդուստրիան, բայց կարգավորիչի խնդիրն է տեսնել, թե որտեղ կարող են խախտումներ ծագել եւ ստեղծել խաղի որոշակի կանոններ։

ԵՄ-ում դա արդեն արվել է։ 28 երկրների համար ընդունվել է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրություն։ Ներկայումս շատ ոչ եվրոպական կազմակերպություններ՝ ամերիկյան, ռուսական, հայկական, չինական եւ այլն, Եվրոպայում բիզնես ունեն եւ շատերը ստիպված են լինում պահպանել այդ դրույթները, ինչը շատ դրական է։ Օրենսդրի աշխատանքը չի սահմանափակվում  միայն անձնական տվյալների տիրույթով։ Կատարելագործվում է կիբեռանվտանգության ոլորտին առնչվող պատենտների մասին օրենսդրությունը։ Նույն Եվրոպան մտածում է հենց այս ոլորտում խաղի կանոնների բարելավման մասին։ Գենային տեխնոլոգիաները նույնպես մի ուղղություն է, որտեղ անհրաժեշտ կլինեն որոշ սահմանափակումներ, որպեսզի չառաջանա մի իրավիճակ, երբ մի որեւէ երկրում կարելի կլինի ստեղծել գերմարդկանց կամ հակառակը՝ ցածր ռասայի մարդկանց։ Շատ երկրներ փորձում են հենց այդ կարգի օրենսդրությունն առաջ մղել։ Այսինքն կան նման նախաձեռնություններ։

Ո՞ր երկրներում կամ տարածաշրջաններում է իրավիճակն ամենավատը։ Որտե՞ղ է ամենավատ իրավիճակը, մանավանդ անձնական տվյալների պաշտպանության առումով։

Ես կդժվարանամ խոսել բոլոր երկրների մասին։ Մերձավոր Արեւելքի, Լատինական Ամերիկայի որոշ երկրներում, Աֆրիկայում, զարգացող երկրներում օրենսդրությունը դեռ պետք է կատարելագործել։ Այդ իսկ պատճառով նման երկրներում փորձում են կիրառել best practices՝ լավագույն պրակտիկան։ Նույնիսկ եթե չկան օրենսդրական արգելքներ, միեւնույն է մեծ կորպորացիաներն իրենց աշխատանքում ձգտում են կիրառել այն օրենքները, որոնք առկա են ավելի զարգացած երկրներում։ Կան նաեւ երկրներ, որոնք բոլորից առաջ են անցել։ Օրինակ՝ Էստոնիան, որն ընդունել է շատ թափանցիկ օրենսդրություն կրիպտոարժույթի վերաբերյալ, լավ հարկային օրենսդրություն ստարտափների վերաբերյալ, ինչի արդյունքում Էստոնիայում շատ ստարտափներ են գրանցվում։ Իրավունքն ու օրենքը հաճախ ուղղորդիչներ են հանդիսանում բիզնեսի համար։ 

Ինչպե՞ս եք վերաբերվում համացանցում գրաքննություն մտցնելու փորձերին, այդ թվում՝ պետության կողմից։

Ես դրան շատ բացասաբար եմ վերաբերվում։ Բայց այստեղ նույնպես պետք է տարբերակել օրենքը եւ արդեն պրակտիկայում գոյություն ունեցող խաղի կանոնները։ Ինձ դուր չի գալիս, երբ որեւէ մեկն իմ փոխարեն որոշում է ընդունում, թե ես որ կայք կարող եմ մտնել, երբ ես չունեմ ամբողջական հասանելիություն արտադրանքներին եւ ծառայություններին միայն այն պատճառով, որ ես հատել եմ ինչ-որ երկրի սահմանը։ Ինձ դա անհանգստացնում է։ Չեմ ցանկանում, որ որեւէ երկրի օրենսդիր նման որոշումներ ընդունի։ Համացանցի սահմանափակումներն ըստ երկրների վատ մոտեցում է։ Անհրաժեշտ է, որ այստեղ որոշակի սկզբունքներ ձեւակերպվեն։ Եթե դա ահաբեկչություն է կամ այլ թեմաներ, որոնք մարդկանց ինչ-որ բան ստիպելու բաղադրիչ ունեն, ապա ես համաձայն եմ, որ նման տեղեկատվության մատչելիությունն արգելվի։ Բայց սահմանել ըստ տարածաշրջանների, օրինակ՝ կարող եմ ես արդյոք մուտք գործել LinkedIn պրոֆեսիոնալ ցանց, կամ էլ նույն Google՝ ճիշտ չի։ Այդ ցանցերը որեւէ օրենսդրություն չեն խախտում։ Իմ գործունեության մեջ ես ձգտում եմ աջակցել այն նախաձեռնություններին, որոնք կոչված են ուղղելու նման սխալները։

Կարծիք կա, որ նա ով հավաքում եւ վաճառում է օգտատիրոջ անձնական տվյալները, պիտի վերջինիս հետ կիսվի, այսինքն՝ վճարի նրան։ Ի՞նչ եք մտածում այս մասին եւ արդյոք դա ընհանրապես իրական է։

Տվյալներն արդեն այսօրվա նավթն են։ Նախկինում փող էին աշխատում նավթով, այսօր՝ տվյալներով։ Ինչո՞ւ նա, ումից որ ծագում են տվյալները չի կարող փող ստանալ։ Իրավաբանական պրակտիկայում կան անալոգիաներ, օրինակ՝ եթե մեկը որեւէ արտադրանքի (դա կարող է լինել երգ) հեղինակային իրավունք ունի, ապա նրանք, ովքեր այդ երգը երգում են, հեղինակին հասանելիք որոշակի գումար են մուծում։ Ինչո՞ւ նման բան չանել նաեւ տվյալների հետ։ Կարծում եմ՝ դա հետաքրքիր կլինի։ Գուցե այդ ժամանակ տվյալներով կիսվելու մոտիվացիա լինի։ Մարդն ինքը կորոշի ցանկանո՞ւմ է արդյոք կիսվել այդ տվյալներով։ Դրա արդյունքում ավելի մեծ քանակությամբ տեղեկատվություն կտրամադրվի, բայց դա արդեն կլինի ոչ թե որեւէ մեկի կողմից պարտադրված, այլ՝ անձնական որոշմամբ։

Ինչպե՞ս է թվայնացումն ազդում աշխարհի վրա ընդհանրապես եւ իրավաբանական ոլորտի վրա՝ մասնավորապես։

Իրավաբանի աշխատանքն առանց թվայնացման չի մնում։ Բայց հարկ է հասկանալ, որ իրավաբանի աշխատանքն, ընդհանուր առմամբ, շատ պահպանողական է։ Իրավաբաններն առաջիններն էին, որոնք ունեին բոլոր օրենքներն ընդգրկող լավ տվյալների բազա։ Նախկինում մենք այդ բոլոր օրենքները թերթում էինք ու փնտրում մեր ուզածը։ Հիմա մեքենաներն արդեն դա անում են մի քանի անգամ ավելի արագ։ Ինչ վերաբերում է իրավաբանի աշխատանքին, ապա մենք բոլորս հին, դասական ոլորտում ենք։ Իրավաբանները կարդում են օրենքները, կազմում են փաստաթղթեր, որոնց հիման վրա մարդը որոշում է ընդունում, կամ գործարքներ է կնքում, որպես կանոն, թղթային փաստաթղթավորմամբ։ Այդ ամբողջը շատ պահպանողական է եւ ժամանակի հետ ոչ համընթաց։ Իմ մասնագիտությունն ապրում է վերաձեւակերպման փուլ՝ ֆորմալ, թղթային ձեւաչափից անցնելով նորարական որոշումների՝ թե ինչպես մենք ծառայություններ մատուցենք հաճախորդներին, ինչպես գրենք պայմանագրերը։ Արդեն կան համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս հաշված րոպեների ընթացքում ստեղծել առաջին հիմնարար փաստաթուղթը։  Մենք կարող ենք կատարել օրինակ հարյուր միանման վարկային պայմանագրերի վերլուծություն արդեն ոչ թե մեկ ժամում, այլ մի քանի րոպեում։ Ամեն ինչ մտածված է, մենք ուղղակի ձգտում ենք, որ այդ ամենն ավելի ակտիվ ներթափանցի մեր ոլորտ։

Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ մեկ իրավաբանը կհասցնի ավելի շատ աշխատանք կատարել, քան նախկինում։

Իհարկե, ավտոմատիզացիան եւ արհեստական բանականությունը օգնում են արագացնել իրավաբանի աշխատանքը։ Ամեն ինչ կլինի արագ, էժան, բայց չպետք է մոռանալ, որ իրավագիտության մեջ միշտ առկա է կրեատիվության եւ բարդության տարրը, քանի որ ոչ բոլոր խնդիրներն է հնարավոր լուծել արհեստական բանականության շնորհիվ։ Եթե ինչ-որ մի գործարքում դուք ունեք մի քանի երկիր, դուք պետք է հասկանաք ինչպես այդ գործարքը համադրել երեք տարբեր երկրների օրենսդրության հետ։ Այստեղ անհրաժեշտ է համալիր մոտեցում, այդ խնդիրը լուծելու կարողություն ունեցող փորձառու մասնագետի մոտեցում, եւ դեռեւս ոչ մի մեքենա այս խնդիրը լուծել չի կարող։