WCIT համաժողովն աննախադեպ է եւ շատ կարեւոր ազդեցություն ունի Հայաստանի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մենեջմենթ Միքս» ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանը:

«Մեծ թթվածին է սա Հայաստանի համար, մի քանի ճյուղեր կան, որ Հայաստանը կարող է զարգացնել եւ դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա: Մեկը` տեղեկատվական տեխնոլոգիաներն են, եւ նման համաժողովի անցկացումը ցույց տալիս, որ Հայաստանը մեծ ապագա ունի այս ոլորտում»,- ասաց նա:

Սեմերջյանը նշեց, որ IT-ն ամենուրեք է, օրինակ` բանկային ոլորտում, առողջապահության ոլորտում, եւ տեղեկատվական տեխնոլոգիաները շատ մեծ ներգործություն պետք է ունենան բիզնեսի վրա եւ ունեն:

«Շուտով սկսում ենք առաջին մագիստրոսական ծրագիրը ինովացիոն տեխնոլոգիաների մեջ, մենք կունենանք 30 ուսանող, բայց պետք է ունենանք 300, որ մարդիկ սովորեն, ոչ միայն IT, այլ նաեւ IT կառավարում, որն անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք այդ ամբողջը բիզնեսում ներդնել»,- հավելեց նա:

Սեմերջյանի կարծիքով՝ IT ոլորտին Կառավարությունը պետք է առաջնահերություն տա, ինչը շատ կարեւոր է. «Պետք է 3-ամյա կամ հնգամյա պլան կազմվի, նպատակներ դրվեն եւ հասնեն դրանց իրագործմանը»:

Նշենք, որ աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 6-ից 9։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Այս տարի «WCIT 2019» համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Միջոցառումը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։