Ucom-ի նորարարական լուծումներից մեկը՝ uPay-ն այս տարի առաջին անգամ է ներկայանում ԴիջիԹեք 2019-ին որպես առանձին ընկերություն։ «Տոն տեխնոլոգիական հայության համար» ցուցահանդեսի շրջանակներում uPay-ն իր օգտատերերին է ներկայացնում նոր հավելվածի բետա-տարբերակը:

uPay բետա-տարբերակի պատասխանատուների հիմնական ուղերձն է «Ստեղծի´ր քո վճարային համակարգը»: Այդպիսով օգտատերերին կոչ է արվում համատեղ ջանքերով ստեղծել այն, ինչից պետք է օգտվեն հենց իրենք՝ տարբեր տարիքային խմբերում ներառված անձինք։ uPay ընկերությունը պատրաստ է լսել բոլորի կարծիքները եւ առաջարկությունները եւ դրանց հիման վրա շարունակաբար բարելավել նոր հավելվածը:

«Մեր նոր հավելվածն ստեղծելիս ուսումնասիրել ենք միջազգային պրակտիկան, լայն տարածում ունեցող միջազգային վճարային համակարգերը եւ ներդրել ենք լավագույն լուծումները: Երիտասարդ, նպատակասլաց ու պատրաստակամ մեր թիմը բաց է բոլոր առաջարկների եւ նկատառումների համար: ԴիջիԹեք 2019-ին ակնկալում ենք լսել դիտարկումներ ու նոր առաջարկներ մեր օգտատերերից եւ դրանց հիման վրա պլանավորում ենք ստեղծել յուրաքանչյուր անհատին գոհացնող վճարային համակարգ», - ասել է uPay ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Սաղոյանը։

«Տաղավարը նախագծելիս փորձել ենք ստանալ ինտերակտիվ եւ շփման համար հաճելի միջավայր։ ԴիջիԹեքի այն մասնակիցները, ովքեր կայցելեն մեր տաղավար ու կցանկանան դառնալ բետա-տարբերակի թեստավորողներ, հնարավորություն կունենան մասնակցել մրցույթի եւ ստանալ նվերներ», - նշել է uPay ընկերության մարքեթինգի մենեջեր Ժաննա Մկրտումյանը։

Հավելենք, որ նոր հավելվածն ստեղծվել է նոր տեխնոլոգիայով, նոր մոտեցումներով, մասնավորապես՝ ծրագրավորման մեջ օգտագործվել է աշխարհում լայն տարածում ստացած «event sourcing» տեխնոլոգիան։ Այն ապահովում է համակարգի ճկունությունը եւ էապես արագացնում դրա աշխատանքը: Հավելվածն ունի պարզ, բոլոր օգտատերերի համար հասկանալի, մատչելի ինտերֆեյս: Ինչպես արդեն նշեցինք, այն մշտապես բարելավվելու է օգտատերերից ստացված հետադարձ կապի հիման վրա։