Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին շնորհվեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում:

Որոշման մեջ նշվում է, որ կոչումը տրվում է Երեւան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ, թատերարվեստի եւ հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար:

Հարցը ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը: 

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թ. օգոստոսի 10-ին, Արաքում։ 1946թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։

1957-1959թթ. եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988թ.-ից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։

Նշենք, որ ավագանու մեկ այլ որոշմամբ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց նաեւ Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիին:

Ավագանու Անդամ Արսեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ ինչի՞ց ելնելով է նման որոշում կայացվում, ինչպիսի՞ կապ կա Պիոտրովսկու ու Երեւան քաղաքի միջեւ:

Նրան տեղեկացրին, որ Պիոտրովսկին մայրական կողմից Ջանփոլադյան է, Հայաստանի հետ միշտ եղել է կապը: Ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանն էլ հայտնեց. «Նա երեւանցի է, ծնվել է այստեղ, երկար ժամանակ ապրել է այստեղ, նաեւ ուղիղ կապ կա Էրեբունի թանգարանի եւ Էրմիտաժում ներկայացվող, հանրահռչակվող ուրարտական մեր ժառանգության միջեւ: Այն, որ նույն ջատագովությամբ ու հոգատարությամբ ժառանգվել էր իր ղեկավարության պարագայում, դա եւս կարեւոր դեր ունի, ինչպես եւ իր անձնական ու մասնագիտական կապը ԳԱԱ հնագիտության թեւի, փորձագիտական կենտրոնի եւ այլնի հետ»:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ տեղեկացրեց՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ իրենք փաստացի զգացին, թե ինչ առանձնակի ուշադրություն է դարձվում հենց ուրարտական հավաքածուին, այն ուրույն կերպով ներկայացվում է ամեն անգամ: Մարությանը հայտնեց՝ հենց ինքը՝ Պիոտրովսկին, հետաքրքրվել է՝ ինչ վիճակում է Կարմիր բլուրը, իրենք ներկայացրել են վիճակը, նրան հրավիրել աշնանը այցելել, ծանոթանալ կատարված աշխատանքներին:

Վերջինս էլ պատրաստակամորեն ընդունել է հրավերը: