Երեխաների մկրտությունը Հայաստանում մեզ համար ամեն ինչ է նշանակում։ Այս մասին ասել է ակտիվիստ, ձեռներեց եւ պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Ուեսթը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող WCIT 2019 համաժողովում (ֆոտոռեպորտաժ)։

«Գտնվել Հայաստանում եւ այստեղ կնքել երեխաներին մեզ համար նշանակում է ամեն ինչ»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ մարդիկ աշխարհի բոլոր ծայրերից ուրախ են գտնվել Հայաստանում։

«Մարդիկ աշխարհի բոլոր ծայրերից ուրախ են գտնվել Հայաստանում եւ մասնակցել «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին»,- նշել է նա։

Մոդերատոր, Սիլիկոնային հովտի ձեռներեց Մագդալենա Եսիլի հետ իր անհատական ելույթի ժամանակ Քիմ Քարդաշյանը պատմեց նաեւ իր կարիերայի սկզբի մասին։

Ըստ Քարդաշյանի՝ վստահությունը եւ ուժերը նա ստացել է ոչ անմիջապես, նա մեծացել է ողջ աշխարհի աչքի առաջ։

Առաջին հերթին, ինչպես նշեց ձեռներեցը, նա ցանկանում է բոլորին եւ հատկապես կանանց հասցնել այն, որ «մինչ ձեր ճանապարհին յուրաքանչյուր փուլում սովորում եք սխալից եւ հաջողությունից, եւ մինչ դա ձեր պատմության մի մասն է, դուք ճիշտ բաներ եք անում»։

Խոսելով  անձնական տարածքի մասին՝ մեդիա-աստղը նշեց, որ իր ճանապարհի սկզբին չէր հասկանում, թե ինչ է դա, բայց տարիքի եւ երեխաների հայտնվելու հետ կարողացավ հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի ակտիվությունը սոցիալական ցանցերում։

Ինչպես նշեց Քարդաշյանը, ելնելով իր անձնական փորձից՝ հաճախ եւ շատ բաներ անձնական կյանքից սոցցանցերում կիսելը կարող է վնասակար լինել։

Նա նաեւ մեկնաբանել է այն, թե որքանով է ներգրավված իր գաղափարների եւ նախագծերի իրականացմանը։ «Ես մասնակցում եմ իմ նախագծերի յուրաքանչյուր փուլին՝ սկսած լոգոտիպի դիզայնից»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ արտադրանքը, որը նա ցանկանում է իրացնել, պետք է աուտենտիկ լինի եւ մանրազնին մտածված։

«Քանի որ իմ արտադրանքն առաջին հերթին կողմնորոշված է սպառողին, ես զգում եմ, որ ինձ վրա է պատասխանատվությունը՝ ստեղծել կատարյալ արտադրանք»,- ասել է նա։

Պատասխանելով Մագդալենա Եսիլի հարցին, թե որքան հաճախ է նա մոնիթորինգի ենթարկում սպառողական շուկան նոր արտադրանք թողարկելուց առաջ, Քարդաշյանը նշել է, որ «երբեմն  կողք նայելն այնքան էլ շահավետ չէ»։

Նրա խոսքով՝  միտումներին համաքայլ ընթանալը միշտ չէ, որ կարող է լավ արդյունք տալ։