Եվրասիական տնտեսական միության երկրները մտադիր են միասնական արդյունաբերական ենթակառուցվածք ստեղծել Եգիպտոսում։ Այդ հեռանկարային նախագիծն արդեն կքննարկվի առաջիկա չորեքշաբթի ԵՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստում, որը տեղի կունենա Կահիրեում։ Այս մասին տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն՝ հղում կատարելով աղբյուրին ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայում։

Օրակարգի հիմնական հարցերը, ըստ գործակալության, լինելու են համատեղ արդյունաբերական ենթակառուցվածքի ստեղծումը երրորդ երկրների տարածքում, «Էներգետիկայի օբյեկտների աշխատանքի արդյունավետության եւ հուսալիության բարձրացումը ԵՏՄ անդամ պետություններում» եվրասիական միջպետական ծրագրի մշակման առաջարկի դիտարկումը։

Բացի այդ, հանդիպման մասնակիցները կվերլուծեն «ԵՏՄ արդյունաբերության ճյուղերի տեխնոլոգիական մակարդակի փորձաքննության անցկացման առաջարկները ԵՏՄ-ում արդյունաբերության գերակա ճյուղերի իրավասությունների կենտրոնների ուղղությունների սահմանման եւ տեխնոլոգիական մակարդակի բարձրացման համար» գիտահետազոտական աշխատանքի կատարումը։

ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամ Ալեքսանդր Սուբոտինի խոսքով՝ «համատեղ արդյունաբերական ենթակառուցվածքի ստեղծումը Եգիպտոսի տարածքում կդառնա առաջընթացի պատուհան մեր արդյունաբերական արտադրանքի համար Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում»։

Խորհրդի նիստը, ճշտում է գործակալությունը, տեղի կունենա միջազգային արդյունաբերական եւ տեխնոլոգիական ցուցահանդեսի եւ «Մեծ արդյունաբերական շաբաթ» համաժողովի շրջանակում։ Դրա միջոցառումներին կմասնակցեն շահագրգիռ ձեռնարկությունների եւ բիզնեսի ներկայացուցիչները, ԵՏՄ անդամ երկրների պրոֆիլային նախարարությունների  եւ գերատեսչությունների ղեկավարները։