Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի մասով ցուցմունք չի տվել: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Դավթյանը:

Հիշեցնենք, որ խոսքը 2016-ի ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների եւ ադրբեջանական ագրեսիայի առաջին ժամերին Խաչատուրովի գտնվելու վայրի մասին է: ԶԼՄ-ներում խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Յուրի Խաչատուրովը տեղում չէր, չնայած դրան, նույն ԶԼՄ-ների համաձայն, տեղեկանքի տվյալները վկայում են այն մասին, որ Խաչատուրովը ժամանել է 20 րոպե անց:

«Ցուցմունքներ չեն եղել: Եղել է տեղեկանք»,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ տեղեկանքում նշված է այն, ինչ եղել է իրականում: Նա հիշեցրեց, որ տեղեկանքը տրվել է մեկուկես տարի առաջ:

«Ամեն ինչ ֆիքսվում է, դա շղթա է: Դա իմ ցանկությունը չէ, այսպես թե այնպես, ամեն ինչ ֆիքսվում՝ սկսած անցակետից մինչեւ հերթապահ մաս»,- ընդգծեց Դավթյանը: 

Արտակ Դավթյանը չհայտնեց տեղեկանքի պարունակության մասին:  

Նա նշեց, որ ապրիլյան իրադարձությունները պարզելու նպատակով հանձնաժողովի նիստին իրեն չեն հրավիրել: «Հուսով եմ՝ կկանչեն»,- հավելեց Դավթյանը: Ինչ վերաբերում է հանձնաժողով ստեղծելու փաստին, Դավթյանը համաձայն է դրա նպատակահարմարության հետ, քանի որ համապատասխան որոշումը կայացրել են քաղաքական իշխանությունները: