Սահմանին իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, վերահսկելի: Հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Ի պատասխան սահմանային լարվածությանն առնչվող հարցին՝ ԳՇ պետը նշեց, որ որոշակի աստիճանի լարվածություն եղել է եւ, հավանաբար, կլինի, բայց միջադեպերի թիվն ընդհանուր առմամբ նվազել է: «Տառացիորեն 20 րոպե առաջ, ինչպես ինձ զեկուցեցին, հակառակորդը կրակել է: Ճիշտ է, հրաձգությունը թիրախային չի եղել: Պատասխան կրակից հետո, հրաձգությունը դադարել է»,- հայտնեց Դավթյանը:

ԳՇ պետը հաստատեց, որ վերջին միջադեպերի հետեւանքով զոհվել է 1 եւ վիրավորվել 3 զինծառայող: «Տրվել է համարժեք պատասխան»,- կարճ նշեց Դավթյանը՝ հավելելով, որ հակառակորդի ոչ մի սադրանք անպատիժ չի մնում: «Որոշ դեպքերի մասին անհրաժեշտ ենք համարում հայտնել: Այլ դեպքերի մասին նպատակահարմար է չհայտնել»,- արձանագրեց Գլխավոր շտաբի պետը: